— Էհ, «տարին մի անգամ բայրամ (զատիկ) այն ևս ախուվախով»...— պատասխանե՛ց Բագիմ-խանումը ցավալի կերպով։
— Բաս ես սև՛ պետք է հագնեմ, որ ամիսներով նրա երեսը չեմ տեսնում..․
— Դու էլ ինձ պես անբախտ ես... Ջեյրան։
— Հա՛, անբախտ եմ, Բագիմ... — կրկնեց Ջեյրանը խորին կերպով հոգվոց հանելով։ Երկու տիկինների խոսքն յուրյանց գաղտնի սիրողների վրա էր։ Նրանք միմյանցից ծածուկ ոչինչ չունեին։
— Այդ ո՞ր սատանան փչեց իշխանի խելքին, որ կամեցել է այս գիշեր քեզ մոտ լինել, Բագիմ։
— Չեմ գիտում։ Դու քանի՞ ժամանակ է չես տեսել իշխանին. Ջեյրան։
— Երեք ամիս։
— Ամեն գիշեր ընկած է Ղարաչու աղջկա մոտ։
Բագիմ-խանում ի խոսքը մի բոշա հարեմի մասին էր, որին շատ էր սիրում իշխանը։
— Նա գեղեցիկ է, նրա համար,— ասաց հեգնորեն Ջեյրան-խանումը։
— Սատանան տանե նրա սև թշերը,— պատասխանեց Բագիմ-խանումը զզվանք ձևացնելով յուր դեմքի վրա։
— Թե ես և դու, Ջեյրան, նրա նման ածել, երգել, պարել իմանայինք, իշխանը մեզ էլ կսիրեր։
— Մինակ այդ չէ պատճառը, հոգիս,— խոսեց Ջեյրանը,— Խուրշիդը — այդպես էր բոշա հարեմի անունը — որպես ամեն մութրուֆները, կատարյալ կախարդ է։
— Ղո՞րդ։
— Իմ հոր գերեզմանը վկա։ Նա դյութել է իշխանի սերը։
— Այն դևի ծնունդից ոչինչ բան պակաս չէ։
— Իշխանը կարծում է,— հառաջ տարավ Ջեյրան-խանումը,— թե Խուրշիդն ամեն հարեմներից ավելի է սիրում նրան։ Բայց, դու, Բագիմ գիտե՞ս նրա բաները։
— Չեմ գիտում։
— Նա ուրիշին է սիրում։
— Ու՞մը։
— Չեմ գիտում։ Բայց մի անգամ Խուրշիդը ծեծել էր յուր աղախնին՝ Հուսնիին, աղախինը պատմեց ինձ ամենը։
— Ի՞նչ ասեց։