— Ասեց իմ տիկնոջ ծնելու օրը հասավ։ Նա հրամայեց ոչ ոքին յուր սենյակը չթողնել, այնտեղ էր միայն պառավ տատմերը։ Խուրշիդն ազատվեցավ։ Տղան ծնվեց սև ինչպես ածուխ, հաստ շրթունքներով և տափակ քթով։ Տատմերը գիշերով վեր առեց երեխան, տարավ յուր հետ։ Մյուս օրը բերավ մի այլ տղա սպիտակ որպես ձյուն։ Այնուհետև հայտնեցին, թե խանումը ազատվեցավ ծնունդից...
Ջեյրան-խանումն այդ խոսքերը պատմելու միջոցին Բագիմ խանումի դեմքը փոփոխվում էր զարմացական ցնցումներով։
— Ուրեմն Խուրշիդի այժմյան երեխան իրանը չէ՞,— հարցրուց նա ծիծաղելով։
— Տատմերը գտել է նրան մի մեչիդի դռնից, ուր նրան ձգած են եղել։
— Բայց իշխանը գիրկը առած սիրում է, համբուրում է երեխային, կարծելով թե յուրն է։
Եվ սիրում է մորը, որ այնպիսի գեղեցիկ որդի ծնեց...
Բագիմ-խանումն երկար պաշարված էր յուր լսածների զարմացումով։
— Հիմա իմանում եմ, Ջեյրան, որ իշխանի սերը գրավելու համար գեղեցկություն պետք չէ։ Պետք է այնպես «սատանա» լինել, որպես Խուրշիդը։
— Ի՞նչ գեղեցկություն,— պատասխանեց մյուսը,— Զեյնաբ-խանումը մեր ամենիցս գեղեցիկ է։ Ի՞նչու չէ սիրում նրան իշխանը։ Նրա համար որ, նա «սատանայություն» չունի։
— Խե՜ղճ Զեյնաբ,— խոսեց Բագիմ-խանումը ցավակցական ձայնով,— կարելի է սրտի դարդերիցը դևոտեցավ...
— Դարդը քի՞չ բան է․..։ Ես մի օր չէի տեսնում նրան, որ աչքերն արտասուքով թաց չլինեին։ Խեղճն ամբողջ օրը յուր սենյակից դուրս չէր գալիս, հենց ա՜խ էր քաշում ու լաց լինում...
— Հիմա մի քիչ լավ է, ասում են։
— Ջինների ձայնը դեռ շատ անգամ լսվում է։
— Ես ուզում էի այսօր նրա մոտ գնալ, վախեցա:
— Չէ՛, Բագիմ, չէ կարելի նրա մոտ գնալ,— ասաց Ջեյրան-խանումը։— Կախարդն ամեն գիշեր գալիս է։
— Շատ բաներ են պատմում կախարդի մասին։
— Ի՞նչ բաներ։
— Ասում են ամեն բան գիտե։