Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/455

Այս էջը հաստատված է

Լսելով վերջին խոսքերը Ջեյրան-խանումի գլխում ծագեց մի նոր միտք։ Եվ նա հարցրուց.

— Սիրո «թիլիսմաններ» էլ կգիտենա։ Այդպես չէ՞։

— Ամեն բան գիտե։

— Ե՛կ, Բագիմ, մի օր նրան մեզ մոտ կանչենք։

— Ինչու՞ համար։

— Թո՛ղ մեզ համար «սիրո թիլիսմաններ» գրե։

— Առանց այդ էլ սիրում են մեզ...— պատասխանեց Բագիմ-խանումը ժպտելով։

— Իշխանը որ չէ սիրու՞մ...

— Ի՜նչ պետք է իշխանի սերը։

— Նրա համար պետք է, որ բայրամ (զատիկ) է գալիս, ես ու դու նոր հագուստ չունենք։

— Մուրդաշուրը[1]։ տանե նրա առած հագուստը...— պատասխանեց Բագիմ-խանումը արհամարհական կերպով։

— Բայց ես կախարդին կանչել կտամ։

— Կանչել տուր, որ նոր հագուստով գնաս սիրականիդ մոտը... դու նրա համար ես զարդարվում...

Երկու հարեմների խոսակցությունը ընդհատվեցավ, երբ նրանք տեսան հարեմխանայի բակը ներս մտավ իշխանը։ Երկու փոքրիկ սպասավորներ իրանց լապտերներով լուսավորում էին նրա մուտքը։ Ջեյրան-խանումը վազեց դեպի յուր սենյակը։

ԺԶ

Չնայելով այն խորին ատելությանը, որ ուներ Բագիմ-խանումը դեպի յուր բռնակալը, այսուամենայնիվ, երբ նրա գալուստը տեսավ, ընդունեց խիստ ուրախ և հրապուրիչ կերպարանք։ Թեև այդ ուրախությունը բոլորովին ակամա և հրապույրը ստիպողական էր, բայց դարձյալ գրավիչ և ախորժելի էր։ Նա դիմեց մինչև նախասենյակը, երբ ամուսինն ոտքը դրեց նրա շեմքի վրա, բռնեց նրա ձեռքից և գրկելով բերավ յուր օթյակը։

Այն խոսքերը, որոնցով տիկինն արտասանում էր յուր սերը և ուրախությունը, կարող է արտասանել մի կեղծավոր լեզու, որ երկար

  1. Մուրդաշուրը պարսկերեն նշանակում է մեռել լվացող, որի վարձն է ննջեցյալի հագուստը։ Ծանոթ․ հեղ.