— Այդ ճշմարիտ է, — պատասխանեց Քերիմ-բեկը։ — Բայց ինչ պետք է անել։
— Ուրիշ հնար չկա, պետք է հեռանալ Թեհրանից։ Այս րոպեիս կարող են պաշարել մեզ։
Վերջին խոսքը Քերիմ-բեկին նույնպես ձգեց խռովության մեջ։
— Ե՞րբ հեռանալ,— հարցրուց նա վրդոված ձայնով:
— Այս րոպեիս, ուշանալ պետք չէ,— պատասխանեց ավազակապետը նստած տեղից վեր կենալով։
— Գնա՜նք...— խոսեց Ալմաստը,— որ բոլոր ժամանակ լսում էր։
— Փախչե՜նք...— հարցրուց Սալոմեն։
— Այդպես անպատրաստ,— ասաց Քերիմ-բեկը շվարած կերպով։
— Ոչինչ պատրաստություն հարկավոր չէ, Քերիմ-բեկ,— պատասխանեց ավազակապետը,— ինչ որ ուզում ես՝ իմ տանը կա։ Քաղաքի պարսպից դուրս մեկ մղոն հեռու սպասում են իմ ընկերները. նրանք ունեն յուրյանց հետ ավելորդ ձիաներ, դու և քո ընկերուհին կարող եք նստել։
— Տանդ իրեղենները պիտի թողնե՞ս,— մեջ մտավ Սալոմեն։
— Ինձ պետք է միայն մեկ բան վեր առնել, այն է այստեղ պառկած ընկերս։
— Բաս երեխա՜ս...— կոչեց արտասվելով Սալոմեն։
— Այդ քո գործն է։ Թող նա գա մեզ հետ և սովորի հոր արհեստը։
— Ապա Մարջա՞նը... և Սա՜իդը— մեջ մտավ Ալմաստը: — Նրանց կմորթեն մեր գնալուց հետո։
— Նրանք ո՞վ են,— հարցրուց ավազակապետը։
— Զեյնաբ-խանումի սպասավորը և սպասուհին,— պատասխանեց Քերիմ-բեկը։
— Նրանք էլ կարող են մեզ հետ լինել։
— Ինչպես դուրս բերել նրանց ամրոցից։
— Այդ ճանապարհին կխոսենք,— պատասխանեց ավազակապետն շտապելով։—Սալոմե,— դարձավ նա դեպի կինը,— դու առժամանակ պետք է այդ բարակ լաթերիցդ զրկվիս: Գնա՛, փոխի՛ր հագուստդ, ծպտվիր որպես ավազակ, եթե ուզում ես մեր խմբի մեջ մտնել։
— Կարծեմ, միևնույնը կհոժարվի անել և Զեյնաբ-խանումը,— ասաց Քերիմ-բեկը, նայելով յուր սիրուհու երեսին հարցական հայացքով։