Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/469

Այս էջը հաստատված է

— Երանի՛ այն օրին, երբ այդպես կգրկեինք միմյանց Թիֆլիսում...— ասաց նա։

— Ես սպասում էի մի այլ խոսքի...— պատասխանեց տիկինրը խորհրդական ձայնով։

— Երբ ես ամուսին, իսկ դու իմ կինը կլինեիր,— ավելացրեց երիտասարդը։

Ալմաստը գլուխը դրեց յուր սիրեկանի գրկումը, կարծես, գիշերային խավարի մեջ նա աշխատում էր թաքցնել յուր վառված դեմքը։

Սայոմեն ընդհատեց այդ սրբազան լռությունը.— և Ղաֆարը կլիներ ձեր խաչեղբայրը պսակի ժամանակ։

— Իսկ դո՞ւ,— հարցրուց Ալմաստը։

— Ես էլ ձեզ համար ղեյլան կպատրաստեի, Թեհրանի բամբասանքները կանեի։

— Դու աղջիկ ժամանակդ էլ մեզ օգնում էիր, Սալոմե։

— Մի՞տդ է, Ալմաստ, մի օր Մեխակը խուրմա էր ուղարկել քեղ, ես բերեցի, թաքուն քեզ տվի։

—Այն որ կես ճանապարհին գողացել էիր,— ասաց Ալմաստը ծիծաղելով։

— Հա՛, լավ միտս եկավ, դու էլ ծեծեցիր ինձ դրա համար։

Սույն միջոցին Սալոմեի երեխան ծըվաց։

— Խե՜ղճ երեխա, նա չէ իմանում ուր են տանում իրան թե չէ, նա էլ մեզ պես կուրախանար... Մինչ դրանք մատուռի մեջ յուրյանց ազատությունով և ապագա հույսերով ուրախանում էին, ավազակապետը հասավ քաղաքից փոքր-ինչ հեռու արվարձանին։ Այնտեղ կանգնեց նա մի տան առջև, որ ուներ փոքրիկ պարտեզ, դռան մուրճը զարկեց, շների հաչելու ձայնից զարթեցավ մի դեռահաս աղջիկ, որ միայնակ քնած էր յուր սենյակում։ Չսպասելով մինչև դռան բացվիլը, ավազակապետը ցատկեց պարտեզի շրջապարսպից և յուր բեռը իջուց մյուս կողմը։ Նույն րոպեին փոքրիկ սենյակի շեմքի վրա երևան եղավ դեռահաս աղջիկը ճրագը ձեռին, գիշերվա հագուստով։

— Ով ե՞ս,— հարցրուց նա վրդոված ձայնով, որովհետև ճրագի լույսն արգելում էր տեսնել խավարի մեջ եկվորին։

— Ես եմ,— պատասխանեց ավազակապնտը։

Այդ ձայնը ծանոթ էր օրիորդին, նա իսկույն լուսավորեց յուր կացարանի մուտքը և ներս հրավիրեց ավազակապետին։

— Ռուստամից մի խաբա՞ր...— եղավ օրիորդի առաջին խոսքը։