Էր Զեյնաբ-խանումի կացարանը։ Ավազակապետը սագի սուր — ձգական ձայնով երեք անգամ նշան տվեց։ Ամրոցի խորքից պատասխանեցին միևնույն ձայնով։
— Հասկացան,— ասաց ավազակապետը հազիվ լսելի ձայնով։
— Այստեղ սպասե՞նք։
— Մի՛ շարժվի՛ր։
Քանի րոպեից հետո խավարի միջից երևան եղավ մի ստվեր։ Դա Սայիդն էր։ Քերիմ֊բեկը հայտնեց նրան բոլորը։ Եթովպացին ուրախությունից արձակեց մի տեսակ հառաչանք, որ ավելի նման էր թռչունների ծվծվոցին։
— Դուք այդ դռանը սպասեցեք,— ցույց տվեց նա և հեոացավ։
Նրանք մոտեցան այն դռանը, որ ուղիղ բացվում էր հարեմ-խանայի մեջ։ Իսկ Սայիդը ներս գնաց այն մուտքով, որտեղից որ եկել էր։
Քանի րոպեից հետո, նրանք լսեցին դռան հետևից մի այդպիսի խոսակցություն.
— Բաց արա՛ դուռը։
— Ի՞նչու։
— Կախարդը գալիս է։
— Ա՜խ, այդ անիծված կախարդը հանգստություն չէ տալիս․․․— ասաց քնաթաթախ դռնապանը և դժգոհությամբ սկսավ դարձնել բանալիները։
Դռները բացվեցան։ Ավազակապետը և յուր ընկերը հետ քաշվեցան։
— Ո՞ւր է կախարդը,— հարցրուց դռնապանը։
— Մենք գնում ենք նրան կանչենք,— ասաց Սայիդը։
— Հրամայված է ոչ ոքին դուրս չթողնել, մինչև ներքինապետն ինքը թույլ չտա։
— Զեյնաբ-խանումն ինքն ուղարկեց մեզ։
— Չեմ կարող։
Մինչ նրանք այդ վիճաբանության մեջ էին, ավազակապետը վրա հասավ։ Նա մի կողմ հրելով դռնապանին.— դուք գնացեք,— ասաց Սայիդին ու Մարջանին։
Խափշիկը և եթովպացին դուրս վազեցին։ Դռնապանը փորձ փորձեց հարա տալ, բայց իսկույն ավազակապետի դաշույնը ցցվեցավ նրա կոկորդի մեջ և ներքինին գետին գլորվեցավ։
— Հիմա նա կպոռա և բոլոր ամրոցը մեր գլխին կհավաքե,— ասաց Մարջանը դողալով։