Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/475

Այս էջը հաստատված է

Քերիմ-բեկը կանչեց յուր ծառային, որ քնած էր նախասենյակում։

— Գնա՛, շուտով իմ ձիերը երկուսն էլ թամքիր,— հրամայեց նրան։

Քնահարամ ծառան աչքերը տրորելով վազեց դեպի ախոռատուն: Քերիմ-բեկը առավ յուր փոքրիկ խուրջինը, մոտեցավ մի արկղի, հանեց նրանից մի քանի ծանր քսակներ։— Սև օրվա համար հարկավոր կլինի,— ասաց և դրեց խուրջինում։

Շուտով դարձավ ծառան և հայտնեց թե ձիերը պատրաստ են։

— Վե՛ր առ այդ խուրջինը։

Երկուսը միասին դուրս գնացին։ Խուրջինը կապեցին ձիու մեջքի վրա, երիտասարդը հեծավ։ Իսկ ծառան հարցրուց.

— Հրամայում ե՛ք, այդ մյուս ձին ես նստեմ և ձեզ հետ գամ։

— Չէ՛,— պատասխանեց երիտասարդը։—Տուր ինձ սանձը։

Նա առավ մյուս ձիու սանձը, և հետքից քարշ տալով, աներևութացավ խավարի մեջ։

ԻԱ

Քերիմ-Բեկը շուտով հասավ քանդված մզկիթին, ուր ավազակապետը սպասում էր նրան։

— Բարեկամ, ուշանում ենք,— ասաց նա,— դուք ցած եկեք ձիուց,— թո՛ղ սևերը նստեն, մինչև քաղաքից դուրս գանք։

Քերիմ-բեկը մտածելով, որ առանց խորհրդի չէր այդ առաջարկությունը, ձիաների երկուսն էլ հանձնեց սևերին։ Նրանք ճանապարհ ընկան։ Գիշերը հանդարտ էր և հովասուն։ Շների խառնաձայն հաչելու ձայնը միայն ընդհատում էր տիրող լռությունը։

Դուրս գալով բազարի միջից, նրանք տեսան ուղղակի յուրյանց առաջ էին գալիս մի խումբ գիշերապահ զինվորներ։ Զարտուղել ճանապարհը չէր կարելի։

— Այդ անպիտանների հետ կհարկավորի ծեծվել, Դուք քանի՞ կրակ ունենք,— հարցրուց ավազակապետը Քերիմ-բեկից։

— Երկու զույգ ատրճանակներ գոտիումս, երկուսն էլ թամբի վրա, մի հատ կարաբինա, — պատասխանեց նա։

— Բավական է։

— Մի զույգ էլ ես ունեմ,— պատասխանեց Սայիդը։ Դու քո ընկերուհու հետ միայն պահեք ձիաները,— ասաց ավազակապետը։