Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/477

Այս էջը հաստատված է

առյուծի պես գետին գլորեց մինին, որ պատրաստվում էր յուր հրացանը արձակել ավազակապետի վրա։ Նույն միջոցին թիկունքից ստացավ մի նոր հարված, բայց կռվի տաքության մեջ ոչինչ չզգաց։ Նա հետ դարձավ, երբ զարկողը ուզեց կրկնել յուր հարվածը։ Քերիմբեկի ատրճանակը որոտաց, հակառակորդը ընկավ։

— Ես վերջացրի իմ գործը,— մոտենալով ասաց ավազակապետը երիտասարդին։

— Իսկ դրա՞նք,— հարցրուց Քերիմ-բեկը։

— Թող գնան, խեղճ են...

Եվ իրավ գիշերապահներից երեքը տեսնելով յուրյանց ընկերներից հինգն ընկած, թողեցին և փախան։

— Այժմ նստիր ձիուդ,— խոսեց ավազակապետը, ինքն հեծնելով մյուս ձիու վրա։ Սևերի ամեն մինը առնենք մեր ձիու գավակը։

Շուտով հասան նրանք քաղաքադռներից մինին, որ փակ էր։ Դռնապանը երկար ընդդիմանում էր չբաց անել բայց Քերիմ-բեկը դնելով նրա ձեռքը մի քանի հատ ոսկի, նա հոժարացավ կեղծել յուր պարտավորությունը։

Նրանք բավականին հեռացել էին քաղաքից, երբ Մարջանը, որ նստած էր Քերիմ-բեկի հեծած ձիու գավակին, հանկարծ ձայն արձակեց։

— Արյո՞ւն է հոսում...

— Ո՞րտեղից,— հարցրուց Քերիմ-բեկը շփոթվելով և ձեռքը տարավ դեպի մեջքը, տեսավ, հագուստը թաց էր եղած։

Ավազակապետը մոտեցավ հարցնելով` ի՞նչ է։

— Ոչինչ,— պատասխանեց Քերիմ-բեկը։— Ունե՞ս քեզ հետ խանզարութ[1]:

— Ես առանց դրան չեմ լինում,— ասաց ավազակապետը, ձիուցը վայր իջավ։

Նա վառեց կծկած մոմպատը, որ գրպանումը ուներ և շուտով փաթաթեց Քերիմ-բեկի վերքը։

— Քաջը լավ է դիպցրել,— ասաց ավազակապետը բայց անվնաս է։

— Աղան էլ մի լավ գնդակ ուտեցրեց այն քաջին,— վրա բերեց Սայիդը։

  1. Խանզարութ՝ խանձած բուրդ կամ մազ, որ գործ է դրվում արյան հոսումը դադարեցնելու համար։