Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/478

Այս էջը հաստատված է

Նրանք կրկին հեծան ձիաները և շարունակեցին ճանապարհը դեպի Կ... ամրոցի ավերակները։ Արշալույսը դեռ նոր սկսել էր շառագունիլ, երբ նրանք հասան ամրոցին։ Ավազակապետը գտավ յուր ընկերներին բոլորովին պատրաստ։

Ալմաստը, տեսնելով Քերիմ-բեկին, վազեց նրա առաջ։ Նա ուրախացավ, երբ տեսավ Մարջանին և Սայիդին։ Բայց թե խափշիկը և թե եթովպացին երկուսն էլ սկզբից չկարողացան ճանաչել յուրյանց տիրուհին ծպտյալ հագուստով։ Խափշիկը տվեց Ալմաստին մի գեղեցիկ արծաթյա արկղիկ, ասելով.

— Ձեր աղախինը չմոռացավ յուր հետ բերել։

Ալմաստը ուրախությամբ առեց արկղիկը։

— Այդ ի՞նչ է,- հարցրուց Քերիմ-բեկը։

— Իմ բոլոր հարստությունը, իմ գոհարեղենները։

Քերիմ-բեկը ծիծաղելով առեց արկղիկը, դրեց յուր խուրջինը։

— Մասլահաթի ժամանակ չէ՛,- լսելի եղավ ավազակապետի ձայնը,— գնանք, լուսանում է։

— Քերիմ-բեկն յուր հետ բերած ձին տվեց Ալմաստին, երկու ձիաներ ևս որոշեցին Աայիդի և Մարջանի համար։ Նրանք ճանապարհ ընկան դեպի յուրյանց բնիկ հայրենիքը-դեպի Հայաստան...