Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/486

Այս էջը հաստատված է

գույնից զրկված կտավե արխալուղներով, որոնք ուսերի վրա սևացել էին քրտնքից. սպիտակ կտավե վարտիքներով, թաղիքե թեթև գդակներով, հոլանի բազուկներով, բոբլիկ ոտներով ու մերկ սրունքներով։

— Դու որդի՛, Խաչո,— ասաց հայրը,— Խուդոյի հետ կլծես սբորը և կերթաս այսօր վերջացնել օրավարը։ Մաթոսը թող գնա քսանի համար նրա անտառում փայտ կտրելու, որովհետև այդպես հրամայեց երեկ երեկոյան տանուտերը։ Իսկ ես Պողոսի հետ կգնամ լրելու բամբակի ցանքը, այսօր ջրի հերթը մերն է։

Լսելով հոր պատվերները, որդիքը դիմեցին ամեն մինը դեպի յուր գործը, իսկ ինքը ծերունին, երեսը խաչակնքելով, Պողոսի հետ առին բահերը և գնացին դաշտը։

Դրանցից շատ առաջ զարթնել էին ծերունու պառավ կինը` նազլուն, և նրա չորս որդիների հարսները, որոնցից մինը խրճիթն էր ավլում, մինը թոնրի մոխիրն էր հանում, մյուսը կովերն էր կթում, մինը քթոցի մեջ աթարներ էր բերում թոնիրը վառելու համար և նրանց կիսամերկ փոքրիկ զավակները, կամ կովերի հորթերն էին բունած և կանգնել մորերի մոտ, որ թույլ չտան չար հորթերին կծելու, կամ որը հասակով մեծ էր, ղրկած պահում էր յուր մոր փոքրիկ երեխան, կամ օրորում էր նրա օրորոցը, չթողնելով երեխային յուր լացով մոր տնային գործերին արգելք լինելու։

Այդ միջոցին ջրի սափորն ւուսին ներս մտավ մի հասուն աղջիկ: Դա ծերունու վերջին զավակը' օրիորդ Վարթիկն էր։ Այդ ժիրը զարթնել էր ամենից առաջ, և չորրորդ անգամն էր արդեն, որ ջրի սափորով դառնում էր հեռավոր աղբյուրից։

Արևը ծագեցավ։

Մի քանի անգամ ծանր կերպով զարկեցին խրճիթի դուռը։ Եվ լսելի եղավ թուրքերեն լեզվով մի սպառնալի ձայն.— գյավուրներ[1], ինչո՞ւ է ուշանում ձեր բեգարը[2]:

Դա գյուղատեր խանի ֆերրաշն էր, որ հրավիրում էր բեգարներին յուր աղայի բրնձի դաշտերում գործելու։

Դարձյալ զարկեցին դուռը և լսելի եղավ նույն սպառնալի ձայնը։

— Վարթիկ, բալաս,— ձայն տվեց օրիորդի մայրը խորին

  1. Գյավուր նշանակում է քյաֆուր, կամ անհավատ։ Այդ անունով Ուրմի նահանգում մուսուլմանները կոչում են քրիստոնյաներին:
  2. Բեգար նշանակում է այն մշակները, որոնք որոշված օրերում ձրի պիտի գործեն յուրյանը աղայի, կալվածատեր խանի համար, թեև նրանք ստրուկներ չեն: