Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/491

Այս էջը հաստատված է

վերջացրուց խանի որդին բավականին խիստ կերպով։ Լսելով վերջին խոսքերը, օրիորդին բավականին պարզվեցավ խանի որդու միտքը, կարծես թե, նա այլևս յուր աչքի առաջ չուներ յուր տիրոջ որդին, այլ խոսում էր մի լրբի հետ, որ առաջարկում էր նրան անպարկեշտ խոսքեր։

— Ուրեմն դու չե՞ս սիրում ինձ,— հարցրուց խանի որդին մի փոքր բորբոքվելով։

— Ոչ,— պատասխանեց օրիորդը համարձակ կերպով։

— Ինչո՞ւ։

— Որովհետև ես չեմ կարող սիրել ձեզ։

Խանի որդին դարձյալ ընդունեց յուր առաջին փաղաքշական ձևը, և ավելի մոտենալով նրան, մատով հեզիկ զարկելով օրիորդի վառված թշին, ասաց.

— Ախ, գեղեցիկ աղջի՛կ, դու ինձ սպանում ես...

Օրիորդը ետ քաշվեցավ, նրա աչքերը վառվեցան բարկությունից. նա ասաց ավելի պինդ ձայնով.

— Հեռացե՛ք, խնդրում եմ, եթե դուք թույլ կտաք ձեզ այդպես վարվել իմ հետ, ես այս րոպեիս կթողնեմ գործը, կվազեմ դեպի գյուղը, և բոլոր ձեր խոսքերը կհայտնեմ իմ հորը։

Խանի որդին, բոլորովին ուշադրություն չդարձնելով այդ խոսքերին, ձեռքը գցեց օրիորդի թևքից, մոտ քաշեց նրան և կամենում էր յուր շրթունքը հպեցնել նրա թշերին։

Բայց օրիորդը դուրս պրծավ նրա ձեռքից, ձգեց գործը և կամենում էր վազել դեպի յուր ընկերուհիները։ Խանի որդին, նկատելով յուր նպատակի անհաջող վախճանը, բռնեց օրիորդին ասելով.

— Անմեղ աղջի՛կ, ես հանաք էի անում քեզ հետ. իմ խոսքերը դու բանի տեղ մի դնիր, ես ահա գնում եմ, դու շարունակե քո գործը։ Նա հեռացավ։ Բայց օրիորդը, դեռ ոչ բոլորովին հանգստացած յուր վրդովմունքից, երկար մնաց անշարժ կանգնած և նրա սիրտը սաստիկ կերպով դողում էր։ Այդ տեսարանը չնկատեցին նրա ընկերուհի աղջիկներից և ո՛չ մինը, որովհետև նրանք բավականին հեռու էին։

Բայց խանի որդին մոտեցավ վերակացու ֆերրաշին, որ բռնած էր նրա ձիու սանձը, ոտքը դրեց ասպանդակի վրա, հեծավ, պատվիրելով նրան.

— Ահմե՚դ, այսօր երեկոյան պահուն աղջիկներին կարձակես