Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/495

Այս էջը հաստատված է

նրա գլխին, աչքերը կապեցին և բերանը փակեցին աղլուխով, որ ձայն չհանե։

Սարսափը և երկյուղը բոլորովին ուշաթափ արեցին նրան, խեղճ օրիորդը անզգա ընկավ գետնի վրա։ Հափշտակողները, դնելով նրան ձիու վրա, աներևութացան գիշերային խավարի մեջ։

Դ

Գյուղի խրճիթներում վառվեցան գիշերային ճրագները։ Վարթիկի ծնողքը, նրա եղբայրները, անհանգիստ սպասում էին նրան, բայց նա դեռ չէր դարձել։

— Որդի, Խաչո, Մաթոս,— ձայն տվեց օրիորդի մայրը.— քա՞ր է ձեր սիրտը, ի՞նչ է, դե՛, մի գնացե՛ք, տեսեք ի՞նչ եղավ այդ ջրատար աղջիկը, այդչափ ուշացավ։

— Մայրիկ, ինչո՞ւ ես անհանգիստ լինում,— պատասխանեցին որդիքը,— կարելի է յուր ընկերուհիներից մինի մոտ գնացած լինի։

— Չէ՛, այդքան ո՛չ մի օր չէր ուշանում նա,— պատասխանեց մայրը չարագուշակ զգացմունքով։— Գնացե՛ք, նրա ընկերուհիներից հարցրե՛ք, իմացեք, ո՞ւր մնաց խեղճ աղջիկը։

Օրիորդի եղբայրները դուրս գնացին և սկսան դրացիների տներում հարցնել իրանց քրոջ մասին։ Բայց ոչ մի տեղ չգտան նրան։ Միայն նրա ընկերուհիները պատմեցին, թե նրանք թողեցին Վարթիկին բրնձի դաշտումը միայնակ, որովհետև նա դեռ չէր վերջացրել յուր օրական գործը։

Որդիքը իսկույն վազեցին դեպի տուն, այդ լուրը հայտնեցին ծնողքներին։

— Նրան պատահել է մի վտանգ,— ասաց ծերունի Հայրապետը, և յուր ցուպը առնելով վեր թռավ տեղից։

— Վա՛յ իմ Վարթիկս,— հառաչեց պառավ Նազլուն և վազեց դեպի դուրս։

Օրիորդի եղբայրները, նույնպես նախագուշակելով մի չար դեպք՝ ծնողաց հետ միասին վազեցին դեպի բրնձի դաշտերը։

Գիշերային խորին լռության մեջ խղճալի ծնողաց և եղբայրների ձայնը հնչվում էր հեռու և հեռու խուլ դաշտերում, շրջակա բլուրներից լսելի էր լինում միայն նրանց ձայների տխուր արձագանքը, բայց նրանք չլսեցին երբեք գեղեցիկ Վարթիկի ձայնը։