Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/497

Այս էջը հաստատված է

պատրաստված են քեզ համար, սիրե՛ ինձ, և դու քանի րոպեից հետո կլինես թագուհի այդ փառավոր ապարանքի:

Վերջին րոպեի հուսահատությունը կարծես թե ոգևորել էր խեղճ օրիորդին, աներկյուղ համարձակությամբ նա ձեռքը տարավ դեպի յուր հնամաշ հագուստը, պատասխանեց.

— Ես բախտավոր եմ համարում ինձ միշտ այդպես աղքատ կերպով հագնվել, քան այդ փայլուն լաթերի համար, որ իմ աչքին ոչինչ են, սիրել քեղ:

Իշխանի որդու աչքերը վառվեցան վայրենի կատաղությամբ: Բայց նա դարձրուց յուր առաջին սառնասրտությունը և ասաց, մի սարսափելի ծիծաղ նկարագրած յուր երեսին.

— Գեղեցիկ օրիրորդ, իզուր է քո բոլոր ջանքը՝ ընդդիմանալ իմ կամքին, դու այդ րոպեին քո բոլոր տկարությամբ իմ որսն ես, լսե՛ ինչ որ ասում եմ քեզ, ուրիշ ճար չունիս դու, բայց միայն սիրել ինձ...:

Օրիորդը աներկյուղ կերպով պատասխանեց.

— Ես երբեք չեմ կարող սիրել ձեզ:

— Դու չե՞ս սիրելու ինձ,— գոչեց երիտասարդը կատաղությամբ.— ես այս րոպեիս կհրամայեմ կտոր կտոր անել քո մարմինը և ածել իմ բարակների և շների առջև, ես կհրամայեմ իմ սրիկաներիս կոտորել քո ծնողքը, քո եղբայրները, ես իսպառ կջնջեմ քո ազգատոհմը աշխարհի երեսից...:

Օրիորդը բոլորովին ուրացել էր յուր անձը, նա յուր կյանքի համար չէր ափսոսում, բայց լսելով վերջին խոսքերը յուր ծնողաց և եղբայրների մասին, նա դողաց բոլոր մարմնով, երկու հակառակ զգացմունք նույն րոպեին սկսան պատերազմել նրա անմեղ սրտի մեջ, մինը՝ քնքուշ և փափուկ սերը դեպի յուր ծնողքը և եղբայրները, իսկ մյուսը՝ զզվելի սերը դեպի իշխանի որդին։ Նա խիստ ողորմելի ձայնով հարցրուց.

Դու և իմ ծնողների ու եղբայրների վրա՞ էլ պիտի գործ դնես քու անգթությունը։

— Անտարակույս, եթե դու չսիրես ինձ:

Խղճալի օրիորդը չոքեց հատակի վրա, լուր արտասուքով լիքը աչքերը բարձրացրուց դեպի երկինք և գոչեց...: Իշխանի որդու սրտում ծագեցավ շառավիղը յուր ցանկալի հույսի: Նա մոտեցավ օրիորդին բռնեց նրա թևից և վեր բարձրացրեց: Օրիորդը չդիմացավ: Նա նույն րոպեին գտնվում էր մի սարսափելի վրդովմունքի մեջ: Իշխանի որդին գրկեց նրան և կամենում էր յուր սրբապիղծ