Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/500

Այս էջը հաստատված է

բնավորություն մի այգիի, ուր նույն ժամուն, փոքրիկ տաղավարի մեջ, միայնակ գործում էր մի մանկահասակ օրիորդ։

Նա նմանում էր նույն ժամուն անտառային հավերժահարսերից մինին, որի գեղեցկությամբ կհափշտակվեր նույն ինքն Ապոլոնր, եթե հանդիպեր այնտեղ։

Նա խնամքով լցնում էր զանազան տոպրակների մեջ՝ ծիրանի, դեղձի, տանձի և շլորի չիրեր, որոնք չորացրել էր յուր տաղավարի առջև։ Եվ միևնույն րոպեին նրա կուսական սիրտը լցված էր խիստ քաղցր զգացմունքներով, երբ մտածում էր. «Ես դրանցից ձմեռվա բաժին կուղարկեմ նրան»...։

Արևը հավաքելով յուր վերջին ճառագայթները, անհետացավ սարերի հետքում։ Մութն սկսավ հետզհետե թանձրանալ։ Օրիորդն սպասում էր յուր եղբորը, որպեսզի նրա հետ միասին գնային։ Հանկարծ նա լսում է թփերի միջից խշխշոց, որ ուղղակի մոտենում էր դեպի նա։

— Մելքո՞ն,— ձայն տվեց նա եղբոր անունը։

— Ես եմ,— պատասխանեց օտար ձայնր և մի երիտասարղ հայտնվեցավ ստվերի միջից։

Լսելով ծանոթ ձայնր, օրիորդի սիրտն սկսավ սաստիկ կերպով զարկել, թեև եկվորը նրա եղբայրը չէր։ Դա մի երիտասարդ էր մանկահասակ, գիշերային մթության մեջ նկարվում էր նա որպես մի հսկա, որ շողշողում էր զենքերով։

— Դո՞ւ ես, Թոմաս, ի՞նչ կա որ այդպես զինավորված ես դու,— հարցրուց օրիորդը։

— Շտապի՛ր, Նագանի, խոսելու ժամանակ չէ՛. շտապի՛ր գնա՛նք, փախչենք. քեզ սպառնում է վտանգ։

Օրիորդի սիրտն սկսեց դողալ։

— Ի՞նչ վտանգ,— հարցրուց նա շփոթվելով։

— Էգուց խանի կուսագիրները մեր գյուղը պիտի գան, շահին տանելու համար գեղեցիկ աղջիկներ ընտրելու։ Եթե քեզ տեսնեն, դու հավիտյան կորած ես ինձ համար։

— Վա՜յ իմ գլխին,— նվաղեց օրիորդը և ընկավ երիտասարդի գիրկր։

— Շտապիր, Նազանի, ժամանակր մեզ համար թանկ է, շտապիր գնա՛նք, այգիի դռանն սպասում են մեզ երկու ձիաներ, հեծնենք և փախչենք այս երկրից։

Օրիորդը չգիտեր ի՞նչ վճռեր։

— Ո՞ւր փախչենք,— հարցրուց նա: