Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/506

Այս էջը հաստատված է

— Ես չեմ հավատում, որ ուղտը մեր նեղ դռնից ներս մտնի, կամ մելիքի պես մեծ մարդը մեզ փեսա դառնա։

Մահտեսի Հակոն ավելի սկսավ պնդել յուր խոսքը։

— Մեր տեր-Կիրակոսին հավատում ե՞ս դու,— հարցրուց նա։

— Հավատում եմ, նա սուրբ մարդ է, ամեն գիշեր յոթն կանոն Սաղմոս է քաղում,— պատասխանեց կինը։

— Նա ինքը ասաց ինձ այդ խոսքը։

Մարթայի հրճվանքին չափ չկար։

— Հիմա գնա՛ ու քեփ արա՛, Մարթա, մելիքի պես փեսա ունիմք... Նա շատ մեծ մարդ է, Մարթա... Նրա փողերին չափ չկա... — խոսեց մահտեսի Հակոն հիացմունքով։

— Բայց մենք աղքատ ենք,— նրա խոսքը կտրեց կինը։

— Իրավ, մենք աղքատ ենք, բայց աստված մեզ տվել է գեղեցիկ Հռիփսիմեն, որի պատճառով հարուստ փեսա կունենանք... և մենք էլ գուցե կհարստանանք...։

Ի

Սույն միջոցին ներս մտավ մահտեսի Հակոյի որդին՝ Ստեփանը։ Ծնողքը պատմեցին նրան։ Իսկ նա, փոխանակ նրանց ուրախությանը բաժանորդ լինելու, սառն կերպով պատասխանեց․

— Ես գիտեմ, որ այդ գլուխ գալու գործ չէ, Հռիփսիմեն մելիքին չէ կարող սիրել, նա մի ուրիշին է սիրում...

— Ո՞ւմ,— կատաղելով հարցրուց հայրը։

— Եղոյի տղա Ալեքսանին։

— Վա՜յ, ես սև հագնեմ...— ձայն տվեց Մարթան։

Բայց մահտեսի Հակոյի աչքերը վառվեցան վայրենի կրակով և նա գոռաց.

— Եղոյի տղին... Ո՞վ է նա, մի լոթի տղա է... Տանումը ուտելու հաց չունի...։ Ես Հռիփսիմին կսպանեմ, եթե մի այդպիսի բան կա նրա սրտումը...

Հոր խոսքերը Ստեփանի վրա վատ տպավորություն ունեցան, որովհետև նա սիրում էր յուր քրոջը և սիրում էր Ալեքսանին, և գիտեր, թե նրանք ո՛րքան սիրում էին միմյանց: Եվ նա շատ մեղմությամբ պատասխանեց.

— Ինչո՞ւ եք բարկանում, հայր իմ, «գովուլ սավան գորչակ օլուր» (սրտի սիրածը գեղեցիկ է լինում), ասում է թուրքի առածը։