Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/511

Այս էջը հաստատված է

— Աշխարհը քարուքանդ կանեմ, բոլոր մելիքի տունը կկոտորեմ, ո՞վ կարա խլել իմ ձեռքից իմ Հռիփսիմեն․․․։

— Սխալվում ես, Ալեքսան, բըզի վրա ձեռք չի կարելի խփել․․․— պատասխանեց Ստեփանը գլուխը շարժելով։— Բայց դու միամիտ կաց, որ ես քանի կենդանի եմ, չեմ թnղ տա այդ բանը կատարվի։

Բայց Ալեքսանը չլսեց նրան և կատաղած առյուծի նման վազեց դեպի իրանց տունը, և առեց յուր զենքերը։ Նա դուրս եկավ գյուղի մեջ այն ժամանակ, երբ մելիքը նշանդրեքը վերջացնելով, յուր ծառաների և բարեկամների հետ, լուսավորված լապտերներով, դառնում էր մահտեսի Հակոյի տնեն։

— Դո՛ւ, քավթա՛ռ, խլում ես իմ սիրուհին․․․— հանկարծ գոռաց մի ձայն։

— Այդ ո՞վ է․․․ բռնե՛ք այդ լակոտին․․․—գոչեց մելիքը, շփոթվելով։

Սուրը շողաց և նա զգաց յուր գլխին մի սաստիկ զարկ։

Ծառաները վրա թափեցան, լապտերները հանգան․․․ և բոլորը կորան վառոդի ծխի մեջ․․․։

Զ

Անցան մի քանի ամիսներ։

Մութ-խավարային բանտի մեջ նստած էր մի երիտասարդ։ Այդ խոնավ, ստորերկրյա բնակարանի գիջությունից բոլորովին մաշվել էր խղճալին։ Նրա մեռելային դեմքը, շիջած աչքերը արտահայտում էին տխուր և հուսահատ սրտի կսկիծները․․․։

«Բանտ,— ասում էր ինքն իրան,— ի՜նչ սարսափելի ես դու․․․ ես կենդանի տանջվում եմ գերեզմանիս մեջ․․․ տանջվում եմ, և մտածում եմ Հռիփսիմիս համար․․․ Ա՜խ, մահն էլ ինձ մոտ չէ գալիս, գոնյա՛ հանգստացնե ինձ...»։

Նա գլուխը վեր թողեց հարդի վրա և թմրությունը տիրեց խղճալուն։

Հանկարծ փայլեցավ մի լույս։

Մինը, ճրագը ձեռքում, փաթաթված սև վերարկուի մեջ, իջավ բանտի սանդուղքներեն։

Նա կանգնեց պառկած երիտասարդի մոտ, և յուր տխուր հայացքը ձգելով նրա երեսին, ասաց.