Թ
Նույն ավուր գիշերը մահտեսի Հակոյի տունը լիքն էր բազմությունով։ Այնտեղ հավաքված էին նրա բոլոր ազգականները, բարեկամները, ուտում, խմում և ուրախանում էին։ Մի հոգի միայն տխուր էր այդ տան մեջ, դա էր օրիորդ Հոիփսիմեն։ Նա միայնակ նստած էր մի փոքրիկ սենյակում և արտասուքը հեղեղի նման թափվում էր նրա գունատ թշերի վրա։
Նրա մոտ ներս մտավ Ջավահիրը, հինայի ամանը ձեռքում բռնած։ Օրիորդը շուտով սրբեց արտասուքը։
— Աղջի՛, Հռիփսիմե, էլի ի՞նչ ես ունքերդ կիտել, էլ ի՞նչ կա,— հարցրուց նա, դառնալով դեպի աղջիկը։
— Ոչինչ, Ջավահիր, մի քիչ քեֆս լավ չէ՛, գլուխս պտույտ է գալիս...— տխրությամբ պատասխանեց օրիորդը։
— Քո աչքն էլ տրաքի քո սարսաղ գլխի հետ, բոլոր գյուղը քո հարսանիքով ուրախանում են, դու ասում ես քեֆս լավ չէ՛։
— Ես ի՛նչ անեմ, որ չեմ կարող ուրախանալ...
Ջավահիրը ուշադրություն չդարձրեց նրա խոսքերին, բռնեց օրիորդի ձեռքիցը, ասաց մի փոքր պինդ ձայնով.
— Էլի իծաներդ մոտ են էլի... շատ մի՛ խոսի, վեր կա՛ց, հինա եմ բերել, վեր կա՛ց ձեռքերդ ու մազերդ հինա դնեմ։
Օրիորդը հրաժարվեցավ։
— Չէ՛, Ջավահի՛ր, թո՛ղ մնա էս գիշեր, աղաչում եմ քեզ, թող մնա էս գիշեր,— ասաց նա տխուր ձայնով։
— Աղջի գժվել ես, ի՞նչ ես խոսում, խնամոնց տնից բերած հինան է։
— Ինչ կուզի, թող լինի, ես չեմ կարող...
— Գնամ մորդ ասեմ,— սպառնական կերպով խոսեց Ջավահիրը։
— Չէ՛, Ջավահիր, մի՛ ասա, աղաչում եմ քեզ, թո՛ղ մնա այս գիշեր։
Ջավահիրը, նկատելով օրիորդի ողորմելի կերպարանքր, խղճաց նրա վրա։
— Խե՜ղճ աղջիկ,— ասաց նա,— ես քո դարդը իմանում եմ.․․
Եվ թողեց նրան միայնակ։