ՄԻ ՕՐԱՎԱՐ ՀՈՂ
Բոլորակ դաշտի մեջ, ուր ցրված էին շատ գյուղորայք, գեղեցիկ-կանաչազարդ անտառի միջից հպարտ կերպով վեր էր բարձրացել մի հոյակապ ամրոց, որ յուր մինարեթներով, աշտարակներով և սուր-սուր ժանիքավոր պարիսպներով, արտահայտում էր ասպետական փառքը նրա բնակվող իշխանի։
Այդ ամրոցը, յուր մարմարյա ջրբուխներով, գույնզգույն-ապակեզարդ սենյակներով, մշտականաչ տունկերով և ծաղիկներով հովանավորված ճեմելիքներով, խիստ պատշաճավոր կերպով հարմարեցրած էր պարսկական գեղասեր ճաշակի շռայլությանը:
Ամրոցը պատկանում էր Րիզա-բեկին։
Ամրոցի մոտ գտնվող գյուղի հայ կանայքը և աղջիկները վաղ առավոտյան խումբով այնտեղ էին գալիս պարտեզները մաքրելու ավելորդ խոտաբույսերից։ Եվ ամրոցի մանկահասակ իշխանը շատ անգամ հանաքներ էր անում և զվարճանում էր նրանց հետ։
Մի առավոտ, երբ գործում էին կանայքը, հանկարծ հայտնվեցավ Բիզա-բեկը։ Նա, պտույտ տալով ճեմելիքներով, մոտեցավ այն ածուին, ուր միայնակ աշխատում էր մի մանկահասակ կին։
— Ո՞մ կինն ես դու,— հարցրուց բեկը քաղցրությամբ։
— Ձեր ծառայի, Մարտիրոսի կինն եմ,— պատասխանեց նա կարմրելով։
— Ինչո՞ւ այդպես վատ հագնված ես դու։
— Աղքատի հագուստը այդպես է, տեր իմ։