Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/519

Այս էջը հաստատված է

— Ի՞նչ գործով պարապում ես դու, Մարտիրոս, հարցրեց նրանից Բիզա—բեկը։

— Աղքատի պարապմունքը ինչ պետք է լինի, աղա, ոտացդ մոխիր դառնամ, օր դադում եմ, օր ուտում եմ,— պատասխանեց գյուղացին կրկին գլուխ տալով։

— Դու ուժեղ և առողջ մարդ ես, Մարտիրոս, դու կարող ես ունենալ քո արորը և օրավարը, որ պարապես հողագործությամբ:

Մարտիրոսը, չդադարելով գլուխ տալուց, պատասխանեց.— ես աղքատ մարդ եմ, աղա, քեզ մատաղ դառնամ։

— Հիմար,— հպարտությամբ գյուղացու խոսքը կտրեց բեկը,— իմ հպատակ հայերից ո՞վ է հարուստ, բայց ես տալիս եմ նրանց հող, սերմ և ամեն պարագայք, որոնք հարկավոր են վարուցանքի, և նրանք դրանով ապրում են։

— Դուք միշտ ողորմած եք դեպի ձեր ծառաները, տեր իմ։

— Ես քեզ նույն նպատակով կանչեցի ինձ մոտ։ Ես գիտեմ, որ դու աշխատավոր մարդ ես, չեմ կամենում, որ աղքատ ապրես, գնա՝ տանտիրոջ մոտ, ես հրամայում եմ նրան տալ քեզ բոլոր պիտույքները վարուցանքի համար։

— Աստված քեզ երկար կյանք տա, աղա, աստված իմ կյանքից կտրե ձերի վրա ավելացնե,— ասաց գյուղացին և շնորհակալությամբ հեռացավ։

Գարնան սկիզբն էր։

Մարտիրոսի երգի ձայնը, արդեն լսելի էր լինում դաշտից, ուր նա երկրում էր յուր օրավարը։

Քանի շաբաթից հետո նրա ցանքը սկսավ բուսնել, կանաչել և աճել, բայց նրա հետ աննկատելի կերպով աճում և բազմանում էր տոկոսը նրա պարտատոմսակի, որ տվել էր նա խանի որդուն։

Անցավ ամառը, եկավ աշունը։ Մարտիրոսը հնձեց յուր արտը, կալը կալսեց և զուտ ցորենի զեղջը կիտած էր նրա կալի մեջ։ Նա ուրախությամբ նայում էր յուր հունձքի պտղաբերության վրա, չմտածելով, որ այդ չէր պատկանում նրան:

Եկավ կալվածատիրոջ գործակալը, ցորենը չափեց, տասանորդը վեր առավ որպես հողի վարձ, մի մասը վեր առավ դիվանի տուրքի փոխարեն, մի մասը վեր առավ իրանց սերմի փոխարեն,