Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/523

Այս էջը հաստատված է


ՈԻԽՏՅԱԼ ՄԻԱՆՁՆՈՒՀԻ



Ա

Չոր քարափի կուրծքին կպած էր մի շինվածք, որ յուր ատամնավոր պարիսպներով և կիստվեր աշտարակներով ավելի նմանություն էր բերում մի հին ամրոցի, որի իշխանը վաղուց ընկել էր յուր փառքից, ուր բաժակները դադարել էին փրփրելուց, երգերի, նվագների հնչյունները լռել էին և պարահանդեսների ասպարեզը մնացել էր բոլերին և չղջիկներին...

Ավելի ուշադրությամբ նայելիս` առաջին տպավորությունները փոքր առ փոքր անհետանում են։ Տեսնվում են խաչազարդ գմբեթներ, լսելի է լինում զանգահարության խուլ — մելամաղձական ձայնն, որի արձագանքը, դողդոջուն հնչյուններով տարածվում է հեռու և հեռու լեռների մեջ...

Այստեղ միանձնուհիների նվիրական մի սրբարան է։

Գիշերային խավարը տիրել էր աշխարհին։

Փոքրիկ խուցի մեջ աղոտ լուսով վառվում էր մի ճրագ, որ դրած էր հասարակ փայտե գրասեղանի վրա։ Նրա հանդեպ նստած էր մի պառավ կին ոտքից գլուխ սև հագնված, դա կուսանոցի մայրապետն էր։ Նա կարդում էր նույն ժամուն մի աղոթագիրք։

Դռան ճռոցը խլեց մայրապետի ուշադրությունն յուր կարդացած գրքից։ Հայտնվեցավ մի ավելի մանկահասակ կուսան։

— Ի՞նչպես է զգում իրան նորընծա միանձնուհին,— դարձավ նա դեպի եկվորը։

— Ջերմն ավելի սաստկացած է պատասխանեց նա.—