Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/530

Այս էջը հաստատված է

էր իրան կալանավորված, այդ պատճառով նա միշտ լուռ էր և տխուր։ Երբեմն նրա սևորակ աչքերի արտասուքի մեջ միայն նշմարվում էր մի խորին ատելություն․— դա բողոք էր դեպի ծնողաց ճնշումները...

Դ

Վերջին խոսքերը զարթեցրին երիտասարդ Արեսյանի մեջ մի վրդովմունք, որով նա մի քանի րոպե ընդհատեց յուր պատմությունը։ Բժշկապետը նկատեց նրա աչքերում նույնպես արտասուքի կաթիլներ, լսեց, որ նրա ձայնը զգալի կերպով դողում էր...

- Ծխեցե՛ք, խնդրեմ,- ասաց Խորենյանը տալով երիտասարդին մի սիգար,- դուք երևի հոգնեցաք։

Արեսյանը լռությամբ վառեց սիգարը, մի փոքր ծխելուց հետո շարունակեց.

«Տարիքն աննկատելի կերպով անցնում էին։ Օրիորդն օրըստօրե հասունանում էր... Նրա գեղեցկությունը ստանում էր ավելի և ավելի սքանչելի կերպարանք...

«Տասն և ինն տարեկան էր նա, երբ նրա մայրն ամառանոց գնաց, յուր հետ տանելով և աղջկան։ Վարժապետին նույնպես հրավիրեցին այնտեղ։ Օրիորդի հայրն յուր գործերի պատճառով չկարողացավ հեռանալ քաղաքից։

«Ամառանոցը գտնվում էր քաղաքից կես օրվա ճանապարհի հեռավորությամբ սարերի և անտառների մեջ։ Այնտեղ օրիորդի ծնողներն ունեին սեփական մի ագարակ, ուր շինել էին տված գեղեցիկ տուն։ Նա պատրաստված էր այն բոլոր ճոխություններով, որպես վայել է բախտավոր հարուստներին։ Շուտով լեռնային օդն, անտառների հովասուն թարմությունը հայտնի փոփոխություն արին նրանց կյանքի վրա։ Սոնայի քաղաքումը գունատված թշերը վառվում էին վարդի գույնով։ Նրա մոր թառամած դեմքը նույնպես ստացավ մի առանձին կենդանություն։ Ամառանոցն ավելի ազատություն տվեց նրանց ընտանեկան կյանքին.- վաղորդյան զբոսանքներն անտառներում և սարերի վրա՝ եղավ անհրաժեշտ, երեկոյան զբոսանքները պարտեզի մեջ և երբեմն հեռու տեղերում շատ անգամ տևում էին մի քանի ժամ։ Այդ արշավանքների մեջ մայրն երբեք աչքից բաց չէր թողնում յուր աղջկան։