Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/565

Այս էջը հաստատված է

Թ

Սույն միջոցին պառավ Սոփոյի տան քահանան ոտքի ելավ, կոչնականներից ամեն մինը վառեցին իրանց լապտերները և պատրաստվում էին եկեղեցի գնալ պսակի խորհուրդը կատարելու։

Ջումշուդ-բեկը զարդարված էր յուր հարսանիքի հագուստով, որոնք նույն օրերում Շուշանը նրա համար կարել էր տված։ Երիտասարդն յուր սրտի ամենասքանչելի հրճվանքի մեջն էր։ Իսկ Նատոն, թեև նույնպես զարդարված, բայց նրա գունաթափ դեմքը, վշտահար աչքերը ցուցանում էին հուսահատության ամենասարսափելի հուզմունքն, որ նույն րոպեին խռովում էր օրիորդի սիրտը։

Հանկարծ ներս մտավ մի անծանոթ հյուր։ Դա էր սպիտակ մորուքով հսկայատիպ մի ծերունի։ Նրա սև շալե չուխան, ահագին մոթալ փափախը, կաշյա տրեխները ցույց էին տալիս, որ նա գալիս էր հեռու երկրից։ Ծերունու օտարոտի երևույթը, խոժոռ կերպարանքը յուր վրա դարձրեց բոլոր հանդիսականաց ուշադրությունը։

Իսկ այդ անակնկալ հայտնությունը կայծակի հարվածք ունեցավ փեսայի վրա, որի դեմքն իսկույն կավիճի պես գունաթափվեցավ։

Ծերունին, ամենևին ուշադրություն չդարձնելով յուր շրջապատողների վրա, անփույթ կերպով մոտեցավ փեսային, և յուր լի բարկությամբ սպանիչ հայացքը ձգելով նրա երեսին, ասաց․

— Ադա՛, քնձահոր լակոտ, ըսքան տարի թո՞ռնըս կորալ, քանի վախտ ա տու եդնադ մանըմ գալիս, էլ ոչ Ռուսեթ, էլ ոչ Ղզլբաշի երկիրը, օլքա չըմ թողալ՝ լոխ մանըմ էկալ՝ բալքում քե քթնաի փիմ. ամա դու քո տոնըդ տեղդ, քուլփաթըդ՝ մննադ քըցալըս, ղիարբադիար (երկրե երկիր) քո քեփը արամիշըս անըմ։ Ադա՛ թուլու տղա, բա՛ իսկի անըմ, թա ես էլ հար օնեմ, մար օնեմ, տոն օնեմ, տեղ օնեմ...։ Բա՛, իսկի՞ մետըդ չըս քցըում, որ քո խոխեքը տյուզնը-ծարավ կոտորվում են, քո նշանածի աչքերա լացնելու քոռացալա՜...

Սարսափը և զարհուրանքը տիրեց Ջումշուդ֊բեկին։ Նա սառած նայում էր ծերունու երեսին առանց կարողանալու մի բառ անգամ պատասխանել։

Հանդիսականքն ոչինչ չհասկացան այդ խոսքերից։ Միայն