Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/567

Այս էջը հաստատված է

Ծերունին բոլորովին թուլացավ։ Նա դարձավ դեպի որդին այդպիսի անեծքներով.

— Տափը մըննես դու, ըստուծու կեծակը տա քեզ... ըստեղելը՞ս խափալ... ըստեղելը՞ս օզում փսակվես...

Հետո նա դարձավ դեպի Շուշանն որդու վրա ցույց տալով.— Նանի, Հախմիանտերը ընեծի՛ դրան, չորք տարի ա ես օլքից-օլքա դրա ետնան շոռըմ գալիս, էլ տեղ չմնացալ, որ դա չփսակվի..․ էլ տեղ չմնացալ, որ ուրան կնեկը բըրախ տված չընի... ամեն շհարում դրան խոխեքը, դրան կնեկները ուզողըթյուն ըն անըմ...

— Պսակվե՞լ...— զարհուրելով հարցրուց Շուշանը։

— Հա՛, նանի՛, օխտը հետ փսակվալա էդ պտըհասու էկածը․․․ լըհա մըհեկս տանը կնեկ օնի։

Բոլոր հանդիսականքն, որոնք մինչև այն րոպեն զարմացած նայում էին այդ դրամային, քարի պես սառեցան։

— Վա՜յ իմ միղքը...— կոչեց Շուշանը գլխին տալով։

— Վա՜յ իմ նամուսին...— կոչեց Նատոն ուշքից գնալով։

— Թողե՛ք ես էդ անիծվածին սպանեմ...— կոչեց ուստա Գրիգորը, ուրագը ձեռին առյուծի պես ներս վազելով։

Իսկ «տնային փեսան» արդեն ուրվականի պես աներևութացել էր...

Սույն միջոցին մի պատանի մոտեցավ ուշագնաց Նատոյին.— Ե՛ս իմ քու փեսան, ե՜ս...— կոչեց նա վեր բարձրացնելով նրան հատակի վրայից։

Դա Գիգոլին էր։

___________