Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/575

Այս էջը հաստատված է

Ըստ այդ ծրագրի «Փունջի» վեցերորդ, յոթերորդ և ութերորդ հատորներում պետք է հերթականությամբ տպագրվեն «Սալբու» առաջին, երկրորդ և երրորդ հատորները «Վերջի» հետ միասին (բացի երեք հատորից «Սալբին», ունեցել է նաև «Վերջ»)։

Րաֆֆին, հրատարակության պատրաստելով վեպի աոաջին հատորը, սպասում է դրա հաջող ընդունելությանը, որից հետո ավելացնում է նաև վեպի առաջաբանում, «կարելի էր ի լույս ընծայել նրա երկրորդ և երրորդ հատորները, որոնք արդեն պատրաստ են»: Սրանից բացի, «Փունջի» տասը հատորյակի ծրագրում Րաֆֆին մատնանշում է, որ մնացած ինը հատորների պարունակությունը բոլորը պատրաստ են, վերջացած չէ միայն Ներսես Ե-րդի կենսագրությունը»։ Այսպիսով, ընդգծված բառերից պարզ նկատվում է, որ ինչպես 1865 թվականին գրված առաջաբանում, այնպես էլ 1874 թվականին կազմած ծրագրում հեղինակը հայտնում է, որ «Սալբու» հատորները դրված, պատրաստ են տպագրության։ Չնայած այս ամենին, այնուամենայնիվ, Րաֆֆին «Սալբու» վրա իր կատարելիք աշխատանքները ավարտված չի համարել նույնիսկ 80-ական թվականներին։ Շիրվանզադեի մի վկայությունից մենք իմանում ենք, որ նա «Կայծերի» երկրորդ հատորի տպագրությունից ազատվելուց հետո նպատակ է ունեցել վերջացնել «Դավիթ Բեկը», «Հարեմը», «Սամվելը» հետո «Սալբին» ուղղել (ընդգծումը մերն է Խ. Ս.) և վերջապես տպագրության տալ»։

Այս ամենից հետո հարկ է նշել, որ «Սալբու» ինչպես աոաջին, այնպես էլ երկրորդ ու երրորդ հատորները հեղինակի կենդանության օրոք չեն տպագրվել։ Րաֆֆու համառ ջանքերը՝ վեպը տպագրելու ուղղությամբ, անցել են ապարդյուն, թեև Րաֆֆու տղան՝ Արամ Րաֆֆին այն միտքն է հայտնում, որ «Ճանապարհորդություն Պարսկաստանի» ակնարկաշարը «Բառացի վերցված է «Սալբիից»։ Եթե հավաստի համարենք այս վկայությունը, ապա այդ նշանակում է, որ «Սալբին» ինչ-որ ձևով (փոխված վերնագրով) հրատարակվել է հեղինակի կենդանության օրոք։ Այս տեսակետը հաստատող ուրիշ փաստեր ոչ միայն չկան, այլև եղածները բերում են միմյանց հակադիր եզրակացություն։ Նախ «Ճանապարհորդություն Պարսկաստանի» հոդվածաշարը չունի սյուժետային գծի այն զարգացումը, որը առկա է «Սալբու» աոաջին հատորում և հետո Րաֆֆու կնոջ Աննա Րաֆֆու հայտնած տեղեկությունները միանգամայն այլ բան են ասում։ Ըստ նրա «Սալբին» չի հրատարակվել ոչ միայն հեղինակի նյութական միջոցների սղության պատճառով, այլ նաև քաղաքական նկատառումներով։ Րաֆֆու արծարծած գաղափարները,— գրում է Աննա Րաֆֆին վեպի աոաջին հրատարակության առաջաբանում,— գրգռում են մահմեդական հոգևորականությանը նրա դեմ և քանի որ «Սալբի» վեպում մերկացվում է այդ հոգևորականության գռեհիկ կյանքը, մանավանդ, որ հեղինակն էլ պարսկահպատակ էր և ճանաչված անձնավորություն, պարզ է, որ նա չէր կարող հրապարակ հանել մի այնպիսի վեպ, ուր ամբողջովին մերկացվում է Պարսկաստանի հասարակական-քաղաքական կյանքը. «Ուստի և,— ավելացնում է Աննա Րաֆֆին,— վեպը անտիպ է մնացել մինչև հեղինակի մահը» (ընդգծումը մերն է Խ. Ս.)։ Մոր և որդու կարծիքներից մեզ ավելի հավանական ու հավաստի է թվում Աննա Րաֆֆու հայտնածը։ Այնուամենայնիվ, այս հարցի վերջնական լուծումը կապված է «Սալբու» Բ և Գ հատորների ձեռագրերի հայտնաբերման հետ։