Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/577

Այս էջը հաստատված է

Ոգին կամենում է ձգել հիմքը: Հերոսներից ամեն մինը յուր քարը առաջ է մղում, պահանջելով, թե նա պիտի լինի գլխավոր անկյունաքարը: Բարձրանում է վեճ և աղմուկ: Նոքա սկսում են միմյանց դեմ հակաճառել: Շինության գործը մնում է անշարժ:

Մինչև դոքա այդ խռովության մեջ էին, երևան են լինում հերոսների մի նոր խումբ սև հագուստներով, երկայն մորուքներով և կատաղած ու փրփրած բերաններով: Նոքա գլորելով բերում են մի ահագին անտաշ քար, հավիտենական հնությունից սևացած և բորբոսնած, որի անհարթ մակերեվույթի վրա հազիվ կարդացվում էր բառս.- «Խավար, կամ Մեռելային կյանք»:

«Կորե՛ք լակոտներ, գռռացին նոքա դեպի աոաջին չորս մանկահասակ հերոսները. հավիտենից այդ ավերակների հիմքը դրված է եղել այս սրբազան քարերի վրա, դարձյալ սրա վրա պիտի հաստատվի նորոգ շինությունը»:

Մանկահասակ հերոսները ընդդիմանում են նրանց: Կոխ և խռովությունը սաստկանում է: Շնության ոգին հուսահատությամբ աներևութանում է:

Նույն խռովության և աղաղակի ձայնը հասնում է երկինք. դիք իջնում են ցած. Արարատյան գագաթի վրա ատյան են կազմում:

Երկայն մորուքավոր ծերերի բողոքը հասնում է մինչև տարտարոս. անդունդը բաց է լինում. հանկարծ երևան է լինում յուր ստորերկրյա խմբերով, մահու և խավարի թագավորը,- սարսափելի Պլուտոնը:

Ծերունիք ուրախությամբ դիմում են յուրյանց պաշտպանի առաջ և տարածվում են նրա ոտքերի տակ և գետինն են համբուրում:

«Կորե՛ք, անիրավներ, գոռում է խավարի թագավորը դեպի մանկահասակ հերոսները: Դուք լիրբ լակոտներ, մարտնչում եք իմ իշխանության դեմ: Ես ինքս իմ ձեռքով դուրս հանելով տարտարոսի կամարներից երկու քար, ձգեցի աշխարհ. մինը անցավ Արարիայում, որի վրա դրված է այժմ Մեքիայի Սրբազանի հիմքը և մյուսը Հայաստան, որի վրա առաջ դրված էր և այժմ նույնպես պիտի դրվի նրա շինության հիմքը»:

Մինչ Պլուտոնը բարկացած կամեր յուր երեքարկանի հարվածով գլորել չորս հերոսները դեպի անդունդը հանկարծ Հերմեսը վրա է հասնում: Նա ամոքում է Մահու Արքայի բարկությունը և հրավիրում է նրան Արարատ, ուր դիք խորհուրդ ունեին և նրան սպասում էին:

Մի քանի րոպեից հետո հայտնվում են Ապոլոնը և Աթենասը: Նոքա կարդում են դից վճիռը, որով սև զդեստավոր ծերունիքը դատապարտվում են դեպի հավիտենական կորուստը, իսկ չորս մանկահասակ հերոսներին ասում են.- «Դուք չորեքյանքդ միմյանց եղբայր եք, ձեր չորս քարերը պիտի դրվեն չորս անկյուններում և նոցա վրա պիտի բարձրանա շինությունը»:

Երևան է լինում դարձյալ շինության ոգին: Եվ վարագույրը ցած է իջնում,: Թատրոնի մեջ հնչվում են ծահարություններ և «Կեցցե՛ հաղթությունը»— «Կեցցե՛ նոր սերունդը»:

Նույն այս հատվածը Զոնգոտ Քրիստոֆի թարգմանությամբ 1900 թվականին հրատարակվել է նաև հունգարերեն, Սզամոսույվա քաղաքում լույս տեսնող «Armenia»