Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/58

Այս էջը հաստատված է

մեղմեց թագավորազնի բարկությունը, հավատացնելով, թե հայերը ամենևին մեղավորություն չունեին, և պատերազմը ոչ ինչ մասնով չէր վերաբերում քրիստոնյաներին: Թողումք դժբախտ անցյալը յուր տխուր և տրտում հիշատակներով:

Հայերը Պարսկաստանի մեջ, և մոտ ժամանակներում, ահա այդպիսի կորստաբեր քաղաքական հեղափոխություններում, մաշվելով, խորտակվելով և ջարդուփշուր լինելով, հազիվհազ յուրյանց փոքրիկ մասունքները հասցրել են մինչև ներկա օրերս:

Այժմ մեր սիրելի ընթերցողին եմք թողում մտածել, արդյոք պարսկահայք՝ այդքան նեղությունների մեջ, ունեի՞ն ժամանակ աշխատել յուրյանց բարոյական և իմացական կրթության համար, երբ նոցա նյութական դրությունը ոչ բոլորովին ապահովության մեջ էր:

Այդքանը համառոտաբար տեղեկություն տալով անցյալից, ավելորդ չեմք համարում մի փոքր խոսել պարսկահայոց ներկա վիճակից: Բայց այդ մասին ստույգ գաղափար տալու համար մեր ընթերցողին, պետք է նորան ծանոթացնել Պարսկաստանի այժմյան կառավարության հետ:

Պարսկաստանը, այդ հին արյունախում ճիվաղը, տասնևիններորդ դարու լուսավորյալ քաղաքակրթության առջև տակավին կանգնած է յուր ասիական տգեղ և այլանդակ կերպարանքներով: Պարսկաստանի անկարգ և անկանոն կառավարությունը ո՛չ միայն չէ ապահովում յուր քրիստոնյա հպատակների դրությունը, ո՜չ միայն չէ բավականացնում նոցա արդար իրավունքը, այլ թուրքերը և պարսիկները ոչ բոլորովին գոհ են յուրյանց տերության վարչությունից:

Մոլլաները՝ իսլամի դենի արտոնությամբ, խլելով կառավարության ձեռքից շառիաթը (օրենքը), ոչինչ չեն թողել քաղաքական դիվանատներին: Եվ շառիաթը՝ խարդախ մոլլաների խորամանկությամբ փոխելով յուր արաբական պարզ և բնական կերպարանքը, դարձել է իսլամի ուլայմայների (իմաստունների) շահորսության միակ ուռկանը:

Պարսկաստանի հողը՝ որ արդար իրավունքով պիտի բաժանված լիներ հասարակ ժողովրդի մեջ, տակավին հին կալվածատիրական ժառանգությամբ, մնացել է խաների, բեկերի, մոլլաների և ազնվականների ձեռքում: Եվ կալվածատիրոջ յուր հողի անիրավ գործադրությունը, ոչ միայն տալիս էր որևիցե վաստակ նորա մշակող ռայաթին (հպատակին), այլ թողում էր նորան միշտ ստրուկ, որ գործում էր միմիայն յուր տիրոջ համար:

Եվ այդպես, օրենքը մնալով մոլլաների սեփականություն, գյուղորայքի հողն և ռայաթը լինելով, ազնվականների ժառանգություն, շահին մնում են՝ քաղաքները և քաղաքական ուժը-զորքը: Բայց և այդ նոթի, կիսամերկ զորքին՝ կառավարությունը չտալով բավականաչափ թոշակ և