Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/65

Այս էջը հաստատված է

արտաքին ազգայիններին, շատ ու քիչ ծանոթություն տալ նոցա մեռելային վիճակից, մեր Թիֆլիսում աշակերտության ժամանակից (1855 թվականում) սկսած էինք պատրաստել մի վիպասանական գրվածք, որ պատկերացնում էր պարսկահայոց կյանքը յուր բոլոր ավերված և այլանդակված կերպարանքներով: Եվ այդ հեղինակությունը մի փոքր ախորժելի կացուցանելու համար ծույլ և անգրասեր հասարակությանը, հորինեցիմք նորան ռոմանի ձևով, անուն տալով նորան «Սալբի»:

«Սալբին» մեր նույն ժամանակի գրականության հոգվույն համաձայն գրված էր գրաբար լեզվով, բայց երբ 1858 թվականին երևեցավ պատվական «Հյուսիսափայլ»-ը՝ տալով մեր լիտերատուրային մի նոր հոգի, մի նոր կերպարանք, այն ժամանակ և մեք զգացիմք մեր սխալը, մեր վեպի հին լեզուն դեպի նորը փոխելով:

Ռոմանները ազգերի գրականության մեջ կատարում են ամենակարևոր պաշտոն, ռոմանները՝ որպես ազգերի բարոյական և իմացական կյանքի պատմագրությունք, ավանդում են նոցա բարք ու վարքի, նոցա սովորությունների կենդանի պատկերքը գալոց սերնդին: Ռոմանները են այն կախարդական հայելիքը, որոց մեջ ազգերը՝ տեսանելով յուրյանը կյանքի տգեղ և ավերված պատկերքը, յուրյանց մոլությունների ամոթալի նկարագիրքը, ուսանում են շինել և բարեկարգել յուրյանց դրությունը:

Արևելցիք յուրյանց գերբնական գաղափարներով վառված երևակայությամբ՝ վաղուց սովոր են հորինել վիպասանական հեքիաթներ, և արևելցին ընդունակ է այդ առասպելական վեպերու միջից քաղել բարոյական խրատների ծաղիկները: Բայց դժբախտաբար հայերի մեջ գրականությունը՝ ըստ մեծի մասին զբաղած լինելով եկեղեցական մատենագրությամբ, այն ևս՝ հին և մեռած լեզվով, մինչև այսօր զուրկ է կացուցել յուր ընթերցողքը հեղինակության այդ փափուկ և քնքուշ մսանից, մինչև այսօր խիստ սակավ է տվել ընթերցող հասարակությանդ մի գիրք, որ մոտ լիներ նոցա սրտերին և հասկացողության, մի գիրք, որո մեջ հայ մարդը նշմարեր յուր անձը և յուր կյանքը իսկությամբ: Եվ եթե կային մի քանի հատուկտոր վիպասանական գրքեր, բայց հայ ընթերցողը յուր աբեղայական կրթությամբ միշտ զզվանոք նայում էր նոցա վերա, պատճառ, նոցա մեջ չկային սրբոց աղոթքներ և նոքա չէին պատմում առասպելական հրաշքները յուրյանց սուրբ հարց:

Բայց ֆանտազիան բնական է մարդուն, և մարդկային միտքը միշտ վսեմությամբ երևակայում է գերբնական և աներևույթ իրողությանց վերա:

Այդ պատճառավ սնոտիապաշտությունը կամ սնահավատությունը մինչև լուսավորության և մարդկային խելքի կատարելագործության