Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/66

Այս էջը հաստատված է

ամենավերին աստիճանները՝ կենակից են մեզ հետ: Դորա համար մեք միշտ սիրում եմք լսել առասպելներ կամ հեքիաթներ: Եվ այդ հեքիաթները կամ վիպասանությունքը առավել քաղցր էին մեզ, երբ առնված էին մեր կյանքից:

Անմահ Աբովյանի «Վերք Հայաստանին» ապացույց է մեր խոսքերին, ամեն մի հայ մարդ, որքան անզգա լիներ նաև սառնասիրտ, դարձյալ սիրում է այդ հրաշալի գիրքը:— Այդ գիրքը թորում է ամեն մի հայի աչքերից արտասուք, երբեմն շարժում է նոցա ծիծաղը, իսկ շատ անգամ ուռեցնում է նոցա կուրծքերը մի վսեմ ազգասիրական ոգևորությամբ: Ինչո՞ւ:— Որովհետև ազգի հոգին խոսում է այդ գրքի խորքից ու ընթերցողը ճանաչում էր նորա թույլ, կիսամեռ ձայնը...:

Միտ դնելով այդ հանգամանքներին, մեք ավելի իրավունք չունենք բողոքել հայերի անընթերցասիրության համար, վասնզի մեզանում խիստ սակավ էին այն գրքերը, որք կարողանային սնունդ տալ նոցա սրտերին և գրավել նոցա միտքերը: Մեր հին մատենագրությունքը յուրյանց գրաբար լեզվավ անհասկանալի են շատերին, մի քանի նոր թարգմանությունք, թեև աշխարհիկ լեզվավ, դարձյալ չեն կարող հագեցնել նոցա հարցասիրությունը, որովհետև նոցանից շատերը՝ կամ դպրոցական գրքեր լինելով, վեր են հասարակ ժողովուրդի հասկացողությունից, և կամ մի քանի վիպասանականքը, ուրիշ ազգերի կյանքից առնվածներ լինելով, խորթ են: Այստեղ ճշմարտվում է հայերի սովորական առածը, թե՝ «ուրիշի տան հացը փոր չէ կշտացնում»:

Եվ զարմանք չէ, որ մեք խիստ սակավ ունիմք ազգային վիպասանական գրվածքներ, վասնզի մեր ուսումնականքը դժբախտաբար ավելի ընդունակ են թարգմանելու, քան թե ինքյանք մի բան գրելու: Այլս, մի քանի գրողներ, բնակվելով Եվրոպիո այլևայլ քաղաքներում, նոցա համար անբնական էր մի բան գրել յուրյանց ազգի վերա, որովհետև նոքա խիստ սակավ ծանոթ են յուրյանց ազգի կյանքին: Հայությունը կարելի է ճանաչել Հայաստանի սրտում, աղքատիկ խրճիթների մեջ, ուր նա մնացել է յուր մաքուր նահապետական բարք ու վարքով, ուր նա կրում է յուր վերա դժբախտության սև կնիքը:

«Սալբի»-ի մեջ ընթերցողը կարդալու է շատ փոքր բանաստեղծությունք, վիպասանական նյութերը ըստ մեծի մասին առնված են պատահական անցքերից:

«Սալբի»-ի հեղինակը օտար չէ Պարսկաստանին, նա ծնվել ու սնվել է մի պարսկական գյուղի մեջ. նա յուր մանկությունից միշտ զգացել է տիրող տերության բռնակալությանց դառն ներգործությունը, նա աչք է բացել և յուր չորս կողմում տեսել է յուր հաղթահարված և գերի եղած