Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/68

Այս էջը հաստատված է

ամբողջության ապահովությունը դրված է կատարյալ ազատության մեջ: Նորա համար, որ ազգայնության գաղափարը այս դարուս մեջ դուրս փայլեցավ յուր մթին և խառնակ դրությունից և կատարելագործվելով խելացի քաղաքագետների մտածողությամբ՝ ձև ու կերպարանք ստացավ:

Մեզ թվում է, թե անցել էին այն ժամանակները, երբ ազգերի մեծամեծ ավազակապետները՝ յուրյանց բարբարոս խումբերով, աշխարհի մի ծայրից մինչև մյուսն արշավում էին: Մեզ թվում է, թե մոտ է այն բարեբախտ ժամանակը, երբ ազգայնության խնդիրը կընդունե յուր վճռական լուծումը, և ազատությունը, արդար օրենքը ու իրավունքը, որ կրոնքները չկարողացան աշխարհ բերել, պիտի ներս մտնեն մարդկային կյանքի մեջ քաղաքակրթության ու լուսավորության ձեռքով: Ահա այդ է մարդկության բարեկամների ցանկացած ոսկեղեն դարը, Երբ բռնաբարությունը կվերջանա, գերի եղած ազգերը ազատություն կգտնեն ու նոցա կորուսած ժառանգությունքը յուրյանց կդառնան, և այնուհետև ո՜չ մի ազգ չի համարձակվի ավերելու մյուսի հողի սահմանները:

— Այդ ե՞րբ... գուշակություն ես անում... —հարցնում են ինձանից:

Արդարև, ես մարգարե չեմ, բայց այսքանը գիտեմ, հայերին մի փառավոր ապագա է սպասում, և հայերը մի այնպիսի ժամանակի հասուցել են յուրյանց, որ այնուհետև նոցա ազգությանը մահ չկա:

— Ե՜ղբայր,— խոսքս կտրում է իմ առողջամիտ խոսակիցը,— արդարև, լուսավոր կոչված ազգերի այժմյան քաղաքականությունը — այդ մեծ պոռնիկը — յուր կեղծավոր և անուշ լեզվով, յուր դիմակավոր դեմքի սնգուրած փայլողությամբ հրապուրում է քո սերը, բայց հավատացնում եմ քեզ բարեկամ, որ նորա այն քաղցրախոս շրթունքների մեջ թաքուցած է մահաբեր թույնը: Զի թեպետ, անցած, գնացած դարերում, մարդկության առաջին թշնամիքը՝ սրերով ու թրերով էին սպանում ազգությունքը և բռնությամբ էին կողոպտում նոցա գույքը, բայց այժմ խորամանկ քաղաքականությամբ ծծում են յուրյանց զոհերի արյունը, և կողոպտում են նոցա ապրանքը: Եվ այդ մեծամեծ վամպիրները, մինչև այն աստիճան ծանրացուցել են խղճալի զոհերի քունը, մինչ նոքա ամենևին չեն զգում, թե սպառվում էր յուրյանց կյանքը...: Այո՜, կրոնքները տալիս են քեզ մի հույս, թե կգա մի ժամանակ, երբ եսականությունը կվերանա, բոլոր ազգերը և բոլոր լեզուները կմիանան «մի հոտի մի հովիվ կլինի», ասում է Ավետարանը. «Մուսավաթ» — այսինքն հավասարություն կլինի, ասում են մահմեդականք: Բոլոր աշխարհը մի տուն կդառնա, և բոլոր ազգերը մի տան գերդաստան: Նոքա միասին կգործեն, միասին կվաստակեն և միասին կուտեն: Եվ ոչ ոք այն ժամանակ ասելու չէ այս ինչ բանը իմս է, այլ ամենայն ինչ հասարակաց կլինի: