Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/69

Այս էջը հաստատված է

—Պարոն,— շարունակում է իմ խոսակիցը,— ես չեմ ուզում ասել, թե այդ գուշակությունք սուտ են, բայց հավատացնում եմ քեզ, որ մի այդպիսի ժամանակ անթվելի տարիներով հեռու էր մեզանից: Քրիստոսը՝ այն սիրո և խաղաղության բարեկամը, առաջին... փորձն փորձեց ընդհանուր մարդկությանը հավասարելու և միացնելու համար: Բայց առաջին քրիստոնյայքը մի քանի տարի միայն ունեցան յուրյանց մեջ «ամենայն ինչ հասարակաց», շուտով չարության դևը բաժանեց նորանց միմյանցից: Քրիստոսից շատ առաջ՝ Սատուռնոսը երկնքից աշխարհ բերեց ոսկեղեն դարը, բայց իտալացիք երկար չվայելեցին նորա բանաստեղծական քաղցրությունքը: Եվ այդպես, բարեկամ, ո՛չ միայն տակավին եսականությունը սեփական է ազգերին, այլև բռնաբարությունը նոցա մեկ նպատակն է: Նոցանից ամեն մինը ցանկանում է ընդլայնել յուր երկրի սահմանները, բախտավորել յուրյան՝ աշխարհի բոլոր բարիքներով, և մինչև Երկինք հասուցանել յուր դրոշի փառքը: Նոքա ուրախանում են յուրյանց ավազակությամբ, մխիթարվում են, երբ շատ սպանել էին, երբ շատ արյուն էին թափել, նոքա պարծենում են, երբ գերի էին արել յուրյանց նման մարդիկ: Եվ բավական չէ, որ նոքա յուրյանց սրտի կրակը յուրյանց եղբայրների արյունով մարում, զովացնում են, բայց ընդհանուր աշխարհին յուրյանց չար հաղթությանց պարծանքը հայտնելեն հետո, յուրյանց չարագործությունքը առանց ամաչեյու արձանագրում են պատմությանց մեջ, և թողնում են գալոց սերնդին: Ժամանակակից կեղծավոր գրականությունը բոլորում է այդ գրքերի վերա ծաղկից պսակներ և անուշահոտ խնկեր է ծխում: Բայց գնացող և եկող ժամանակները կթառամեցնեն այդ անիրավության ծաղիկները, և հաղթահարված ազգերի սերունդները երկաթյա գավազանով կդատեն այդ չարությանց գրվածքը, և ընդհանուր մարդասիրության հոգին մինչև հավիտյան կանիծե և կնզովե նոցա եղեռնագործ հերոսները:

Ես բոլորովին համաձայն եմ իմ առողջամիտ խոսակցի հետ, արդարև, աշխարհի մեծամեծ արյուն թափողների պարծանքը դահիճի պարծանք է և մեծամեծ աշխարհակալների փառքը՝ մեծ ավազակների փառք:

Բայց մինչ բոլոր ազգերը յուրյանց փորի համար են գործում և յուրյանց փառքի համար միայն մտածում, ապա հայե՞րը պիտի անտարբեր մնան յուրյանց վիճակի մեջ:

Բայց դժբախտաբար երկու բան միշտ արգելք են եղած և պիտի լինին հայերի հառաջադիմությանը, մինը՝ նոցա ցրված դրությունը զանազան դրոշների տակ, մյուսը՝ նոցա կրոնական բաժանմունքները զանազան եկեղեցիներում: Բայց կա մի բան, որ աշխարհի զանազան ծայրերից կարող էր միավորել հայերը հոգվով, մտքով և սրտով.— այն է ազգային սերը: