Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/7

Այս էջը հաստատված է

ՐԱՖՖՈԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈԻԹՅՈԻՆԸ

Հայ մեծ գրող֊վիպաասն Րաֆֆին (Հակոբ Մելիք-Հակոբյանը ) ծնվել է Պարսկաստանի հայաշատ Սալմաստ գավառի Փայաջուկ գյուղում, 1837 թվականին։ Նրա հայրը` Մելիք-Միրզաբեկը, ազնվական ծագումով հարուստ վաճառական էր: Երեխան գրաճանաչ է դառնում ծննդավայրում։ Հակոբի խոսակցական լեզուն պարսկահայ բարբառն էր. նա սովորում է գրաբար, վարժվում ադրբեջանական լեզվում, ծանոթանում է նաև ֆարսերենին: Առևտրական գործերով Պարսկաստան ու Արևմտյան Հայաստան այցելող Մելիք-Միրզաբեկը որդուն հաճախ տանում էր իր հետ։ Սուր դիտողականությամբ օժտված պատանին ճանապարհորդությունների ընթացքում ծանոթանում էր շրջակա գյուղերի, գավառի, Պարսկաստանի, Արևմտյան Հայաստանի, Թուրքիայի կյանքին:

Հիմնավոր կրթություն ստանալու նպատակով Մելիք-Միրզաբեկը որդուն ուղարկում է Անդրկովկաս, Թիֆլիս։ Այստեղ նա սովորում է ռուսական գիմնազիայում, տիրապետում ռուսերենին, ընթերցում ռուս հեղինակների երկերը: Անդրկովկասի կենտրոն Թիֆլիսը մտավոր զարգացման նոր հորիզոններ է բացում ապագա գրողի առաջ։ Գիմնազիայում սովորելու տարիներին էլ Հակոբ Մելիք-Հակոբյանը սկսում է գրել «Սալբի» վեպը: Սակայն Մելիք-Միրզաբեկի առևտրական գործերը վատանում են։ Հոր պահանջով Հակոբը թողնում է գիմնազիան (6-րդ դասարանից), վերադառնում Պարսկաստան։ Նա ինքն է այժմ զբաղվում առևտրով, հոր մահվանից հետո բազմամարդ ընտանիքի պահպանման հոգսը վերցնելով իր վրա: Նա նորից անցնում է Արևմտյան Հայաստան, այցելում Վան, Վարագ, Աղթամար, Բաղեշ, Մուշ: Վարագում լույս տեսնող «Արծվի Վասպուրական» ամսագրում առաջին անգամ տպագրվում են սկսնակ հեղինակի ոտանավորները։ Րաֆֆին թողնում է առևտուրը, ընդմիշտ խզում կապերն այդ միջավայրի հետ: Նա ուրախ էր, որ հեռացել էր ազնվական ու առևտրական աշխարհից ու մուտք գործել գրական ասպարեզ։ «...Ես դժբախտություն եմ ունեցել, ծնվել հարուստ և ազնվական ծնողներից, - գրել է Րաֆֆին հետագայում: