Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/73

Այս էջը հաստատված է

կրունկները դեպի առաջ և մատները հետնակողմում էին։ Նա որպես հնազանդ աղախին, երկար ժամանակ ծառայեց Հովասաբենց տան մեջ։ Նա ավելում էր նրանց տունը, սրահը և բակը, կթում էր կովերը, գոմեշները և ոչխարները։ Նա սափորներով խմելու ջուր էր բերում աղբյուրից, օրորում էր, երբեմն ծիծ էր տալիս նրանց փոքրիկ տղաներին։ Նա զանգում էր խմորը, հարում էր խնոցի, թխում էր հաց և աթար, և առավոտյան շատ շուտով վառում էր թոնիրը։

Յուր հնազանդության հետ երբեմն նա չափազանց կամակոր և հանդուգն էր։ Նրա հետ խոսում էին մի տեսակ ոճով, որին ասում են դիվական լեզու։ Օրինակ՝ փոխանակ ասելու «ջուր բե՛ր» — «ջուրը տա՛ր», ասում էին՝ «ջուրը մի բե՛ր» — «ջուրը մի՛ տար»։ Որովհետև եթե ասեին՝ «բեր», չէր բերելու, բայց եթե ասեին «մի՛ բեր», իսկույն կբերեր։ Երբ կամենում էին ասել «գնա՛, շուտ ե՛կ», ասում էին՝ «գնա ուշ ե՛կ»։ Երբ շատ հարստություններ ու թանկագին բաներ էին պահանջում նրանից, իսկույն բերում էր «Չիքենց» տանից։

Արդեն շատ դարեր և տարիներ անցել գնացել էին, մինչ դևը ծառայում էր Հովասաբենց տան մեջ։ Բայց այդ հավերժական և անթառամելի մանկության ոգին, ընկնելով ադամորդու ձեռքում, պառավել էր, նրա ծամերը սպիտակել էին, և նրա աչքերը, որ տեսնում էին և մութի մեջ, նրանց լույսը պակասել էր, նա հազիվ էր տեսնում։ Այդ ցավալի դրության մեջ նրան դարձյալ աշխատեցնում էին և ոչ ոք Հովասաբենց ազգատոհմից չէր լսում նրա աղաչանքները, որ արձակեր նրան։

Հովասաբենք դևին անվանում էին Խլվլիկ, որի մայրը, անհիշելի հավիտենից պառավ դևը, ամենայն տարի, Նավասարդի վերջին գիշերում[1] միշտ գալիս էր Հովասաբենց կտուրի վրա և երդիկից լաց էր լինում, աղաղակում, և աղաչանք անում, որ յուր աղջիկը արձակեին, խոստանալով փոխարենը վճարել մեծ փրկանք։

Դժվար էր գուշակել, թե քանի բոլորակ դարեր անցել էին պարոն

  1. Մի ավանդություն, որ ավելի ապացույց էր տալիս վերոգրյալ զրույցներին, չէ կարելի չհաղորդել մեր ընթերցողներին: Մինչև այսօր, Հայաստանի շատ կողմերում, մանավանդ պարսկահայոց մեջ, կա այդ սովորությունը, որ Նավասարդի վերջին գիշերում ամենևին չեն քնում, և ոչ էլ իրանց փոքրիկ երեխաներին թույլ են տայիս, որ քնեն, կամ միայնակ տանից դուրս գան մութի մեջ: Մայրերը կամ հայրերը ամբողջ գիշերը արթուն են պահում բոլոր ընտանիքը: Նրանք սովորաբար խարում են իրանց երեխաներին տեսակ-տեսակ մրգեղեններ, մանավանդ ձմերուկ և խարբուզակ ուտեցնելով, և վախեցնում են, որ չքնեն, կամ միայնակ տանից դուրս չգնան: Որովհետև Խլվլիկը, որ նույն գիշեր ման էր գալիս երդիկների վրա, գողանալու էր երեխաները, վրեժխնդիր լինելով այն հին թշնամությանը, որով մի ժամանակ Հովասաբենք չարչարել էին նրան, երկար ծառայեցնելով իրանց տան մեջ։ Մայրերը միշտ վախեցնում էին իրանց երեխաներին Խլվլիկի անունով, որ չարություն չգործեն։ Խնջիկենց դևի հիշատակը կենդանի պահված է հին պառավների զրույցների մեջ։ Մեզանում մի մարդ, որ խիստ ճարտար է և արագաշարժ, կոչում են Խլվլիկ։