Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/74

Այս էջը հաստատված է

Հովասաբի մահից, երբ նրա թոռնիկներից մինը, լուսահոգի Խնջիկը, հոժարացավ ազատել դևիկ գերիին, միայն այն պայմանով, երբ Խլվլիկի մայրը կուսուցաներ իրան մի հնար, որով ինքը կամ յուր որդիքը՝ կաողանային փրկել բոլոր դիվահարներին։ Դևի մայրը, թեև դժվարությամբ, այսուամենայնիվ, ճարահատյալ, ուսույց Խնջիկին կախարդական ուսմունքի գաղտնիքը և իրանց թագավորի ու թագուհու անունները, պատվեր տալով, թե երբ որևիցե դևին հրամայում էին այդ անուններով՝ իսկույն հալածական է լինում, իսկ երբ կանչում էին՝ տեսանելի կերպով երևան է լինում և հնազանդվում է ամեն տեսակ ծառայությունների։ Բայց ամենասաստիկ երդում տվեց Խնջիկին, որ այդ գաղտնիքը, բացի յուր որդիներից, մի այլ մարդու չհայտնեին։

Երկար ժամանակ այդ գերբնական իմաստության գաղտնիքը ծածուկ մնաց Հովասաբենց ցեղի մեջ, առանց մի այլ մարդու հայտնելու։ Նրանց տոհմի ծերունիները, որպես իմաստուն նահապետներ, այդ մեծակշիռ գիտության ծածկամիտ խորհրդապահներն էին։ Անչափահասները այն ժամանակ միայն հաղորդակցություն կունենային այդ գիտության գաղտնիքին, երբ ստուգիվ վկայված կլինեին իրանց հաստատամտության մասին։

Հովասաբենք ոչ միայն իրանք կարողություն ունեին հրաշալի կերպով բժշկել դիվահարներին, այլ նրանց նվիրական բնակարանի հողեղեն փոշին, հեռու երկրներ տարվելով, երբ ցրվում էին դևոտների վրա, իսկույն բժշկվում էր ախտավորը...։

Նրանց տան կտուրների վրա, հողերի և փոշիների մեջ, թավալվում էին բորոտները, և իրանց մարմիններում եռ ու քոր ունեցող հիվանդները։ Մի բարակ առվակ հոսում էր Հովասաբենց դռան առջևից. դրա եզերքը հովանավորված էին ուռենի ծառերով։ Ավանդությունը վկայում է, այդ ուռենիները տնկվել էին այն ճյուղերից, որ ծաղկազարդի տոնում օրհնված էին տիրոջ սեղանի վրա։ Այդ ահագին հսկայամարմին ծառերը, կենդանի անբարբառ վկաներ էին, թե այն գերբնական իմաստությունը Հովասաբենց ազգատոհմի մեջ, սկսվել էր ժամանակին խորին հնությունից։ Որովհետև այդ ծերունի