Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/77

Այս էջը հաստատված է

ծխրտում էր աղոտ լուսով։ Այստեղ, այդ ուխտյալ պատուհանի մեջ դրված են առտնին սրբությունները` տնային թերափիմները։—Ի՞նչ։—Սատանեն գիտե թե ինչ... «ծիծեռնակի կաթը միայն այնտեղ պակաս է»...։ Այնտեղ կտեսնես մի մոխրագույն պաստառի վրա նկարված գեղարդը և մի կեղտոտ հին սուրբ Սարգիսի պատկեր, որ ձիավորված հափշտակում էր հույնի աղջիկը։ Այլև մի քանի ճյուղ ծաղկազարդի օրհնած ուռենի, մի փոքրիկ սրվակում լցված ծննդյան ավուր խաչաջուր, մի այլ սրվակում Անգեղ-աստվածածնա տաճարի քարաժայռից ինքնաբուխ ձեթ, մի քանի հատ անապատների նշխարներ, խաչելության պատկերներով, սուրբ Երուսաղեմի հող, սուրբ Կարապետի մեղր ու ծամոն։ Մի քանի հատ օրհնության թղթեր, որ տիկին Թարլանը ուխտավորներին փող տալով, բերել էր տված ս. էջմիածնից և այլ վանքերից:

Բացի վերոհիշյալ սրբությունները` այդ խորհրդական պատուհանի մեջ` գտնվում էր և մի հին գրչագիր Ավետարան, մագաղաթի վրա դրված։ Ուխտավորներին, որոնք գալիս էին համբուրելու այդ սուրբ գիրքը, տիկին Թարլանը միշտ պատմում էր, թե այդ Ավետարանը դրված էր մի սուրբ անապատական ճգնավորի գրչով, որ յուր բոլոր անտանելի ապաշխարություններով երեք օրը մի անգամ ուտում էր մի հատ ցամաք հացի նշխարք։ Այդ սուրբ գիրքը մեծ համբավ, մեծ համարում ուներ Ծաղկավանի և նրա շրջակա գյուղորայքի մեջ։ Նա ձրի չստացավ յուր մեռնել-հարույց մականունը և այն քանի-քանի տասնյակ մետաքսյա թաշկինակները, որոնց փաթոթներով այնքան հաստացել էր նա, որ ոչ միայն մի քրդի էշիրաթի գլուխը կլիներ նրա չափ, այլ դժվար կհասներ նրա մեծությանը մի թափառական մանրավաճառ ջհուդի կապոցը, որին հազիվ հասնում էր նրա ուժը` շալակել, և ըստ մարգարեական անեծքին, դռնից դուռ ման ածել[1]։

-Ի՞նչ է դրված այդ գրքի մեջ, կարդում են,-կհարցնե մեկը։

-Հը՜մ... կարդ՞ալ, անիծո՞ւմ ես, ո՞վ է այն աստծո մարդը, որ նրա գրող սուրբ ճգնավորի նման, երեք օրն մի նշխարք ուտելով, յոթն տարի պաս և ծոմ պահելով, երկար աղոթքներից և

  1. Կարծես, այդ ազգի վրա կատարվել է Դավթի անեծքը, որի համար Պողոսը ևս խոսում է. հռովմ. ժա գլուխ, 10 համար է «խաւարեսցին աչք նոցա, մի մի՛ տեսցեն, եւ զթիկունս նոցա հանապազ կորուցո՛ւ»: Եվ արդարև, իսրայեչացվոց ազգի մեջքերը, մի ժամանակ ծռած եգիպտացվոց քթոցների տակ, այժմ ևս դողում են իրանց վաճառքների ծանր շալակների տակ, որ նրանք սովորաբար ման են ածում դռնից դուռ, քաղաքից քաղաք և գյուղից գյուղ։