Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/8

Այս էջը հաստատված է

-Ես ինձ այժմ բախտավոր եմ համարում, որ տխուր հանգամանքները ինձ ցած գլորեցին իմ բարձրությունից և ձգեցին մի այնպիսի ասպարեզի վրա, ուր կարող եմ գործել, աշխատել իմ ազգի աղքատ գրականությունը հարստացնելու համար»։

Րաֆֆին Պարսկաստանում պարապում է մանկավարժությամբ և գրական աշխատանքով: Նա շատ է գրում, թեև տպագրվելու հնարավորություն չունի: Շատ է աշխատում իր վրա, ուշի-ուշով հետևում է հասարակական, մտավոր ու գրական կյանքին, ուսումնասիրում Ռուսաստանից ու Արևմուտքից պարսկական իրականություն մուտք գործող գաղափարական-փիլիսոփայական ուղղությունները, հիմնավոր կերպով հետևում հայ նոր գրականությանը: Նա մեծ հափշտակությամբ ընթերցում է Խ. Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպը, «Հյուսիսափայլ» ամսագրի տետրակները, գործնական կապեր է հաստատում նրա խմբագրության հետ, նյութեր է ուղարկում Մոսկվա` «Հյուսիսափայլում» տպագրվելու համար: Աբովյանի լեզվական ռեֆորմի և «Հյուսիսափայլի» լեզվի ազդեցության տակ նա շատ արագ հրաժարվում է գրաբարից, գրաբարով գրված իր երկերը թարգմանում է աշխարհաբարի, այնուհետև գրում է միայն գրական նոր լեզվով: Նա միտք է հղանում սեփական ամսագիր հրատարակել: Արդեն 1860 թվականին «Հյուսիսափայլում» լույս է տեսնում Րաֆֆու ընդարձակ ակնարկը` «Աղթամարա վանքը» վերտառությամբ: Րաֆֆին գրում է ավելի մեծ ինտենսիվությամբ: Պարսկաստանում հեռանկար չունեցող գրողը, վերջապես, տեղափոխվում է Թիֆլիս, հաստատվում է Թիֆլիսում և այստեղ ծավալում իր գրական գործունեությունը: 1872 թվականին հիմնադրվում է «Մշակ» թերթը: Րաֆֆին գործուն մասնակցություն է ունենում թերթի հիմնադրմանը, դառնում է նրա եռանդուն աշխատակիցը, հռչակվում է «Մշակը» նաև Րաֆֆու երկերով, հռչակվում է գրողի անունը:

Պարսկաստանից իր հետ բերած ձեռագիր երկերը և Թիֆլիսում գրած նոր գրվածքները Րաֆֆին ծրագրում է լույս ընծայել տասը հատորով: Տասհատորյակն ուներ «Փունջ» ընդհանուր վերնագիրը: Այդպես պետք է կոչվեր և՛ յուրաքանչյուր հատոր: Հեղինակը 1874 թվականին լույս է ընծայում «Փունջի» առաջին և երկրորդ ժողովածուները, հայտարարելով, որ տպագրության համար պատրաստ ունի «Սալբի» (վեպ, ա, բ, և գ հատորներով), «Հարեմ» (վեպ նաև բ մաս և վերջաբան), «Խաչագողի հիշատակարանը», «Զահրումար» վեպը, ուղևորությունների հատորը և այլն։ «Փունջի» հրատարակումը 2-րդ հատորի վրա կանգ է առնում։ Առաջին հատորում տպագրվում են հեղինակի չափածո երկերը, երկրորդ հատորում գլխավորապես արձակ երկեր, որոնց թվում է «Հարեմ» վեպի առաջին մասը։

Օգտագործելով գրական բազմաթիվ ժանրերը, Րաֆֆին առաջատար դիրք է գրավում վիպասանության մեջ, գրում է պատմվածքներ, վիպակներ, ապա և քննադատական ու հրապարակախոսական հոդվածներ և աշխատություններ, պատմական ուսումնասիրություններ։ Նա ստեղծում է նորանոր երկեր, որոնց թվում «Մինն այսպես, մյուսն այնպես», «Խենթը», «Ջալալեդդին», «Ոսկի աքաղաղ», «Կայծեր», «Հայ կինը և հայ երիտասարդությունը», «Տաճկահայք» (հոդվածների ժողովածու), «Դավիթ-բեկ», «Պարույր Հայկազն», «Ղարիբ Մշեցին», «Սամվել», «Խամսայի մելիքությունները», «Խազ-փուշ» վեպերն ու վիպակները և աշխատությունները։ 1883 թվականին նա պառակտվում է «Մշակի» խմբագիր Գր. Արծրունուց,