Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/99

Այս էջը հաստատված է

չորս կավյա խարխուլ պատերի վրա պահում էր ցածր, ծխից-մխից սևացած առաստաղը, որ գմբեթաձև բարձրանալով, յուր գագաթում թողնում է մի բոլորակ ծակ, որին անուն են տալիս «երդիք»: Այդ նեղ բացվածքից կաթում էր մի աղոտ լույս, որ հալածում էր խրճիթի խորին, մելամաղձական խավարը։ Բոլորովին մերկ, որպես դուրսը — գետնի մեջ, խրճիթի կենտրոնում փորած է «թոնիրը», մի բոլորակ խոր կամ փոս, որի մեջ ամեն օր վառում են և նրանում եփում են տան համար հարկավոր բոլոր ուտելիքը։ Աթարի թանձր և կծու ծուխը սև ամպերի նման բարձրանալով թոնրից հավաքվում է գմբեթահարկ առիքի[1] մեջ և որպես վուլկանի բերանից— քուլա-քուլա դուրս է գնում և սև վիշապների նման գալարվում է օդի մեջ։

Ամեն օր հարկավոր է վառել թոնիրը կերակուրի և տաքանալու համար, և այդպես, ամեն օր ծերունի Մկրտչի խրճիթը ձևացնում է մի մթին ծխի օվկիանոս, որի մեջ լող են տալիս տանտերերը, հազալով, փռշտալով — իրանց արցունքոտած աչքերը ճմռելով և տրորելով, մինչև աստուծո շնորհիվ աթարի մեջ սպառվում է վառվող նյութը, սև թուխպերը կամաց-կամաց դուրս են գնում, խավարը հալածվում է և մռայլի միջից սկսում են տեսանելի լինել խրճիթի ներքին առարկաները։ Պառավ Մարթան՝ տնարար տանտիկինը, պպզած թոնրի շրթան մոտ, շերեփը ձեռքում, խառնում է իրանց համար եփած ապուրը, իսկ ծերունի Մկրտիչը, նույնպես կկզած թոնրի մոտ, մի կոտրած պտուկի կտորի մեջ բովում է յուր համար սեխի կորիզներից «աղանձ» և թեպետ նրա բերանում միայն մի քանի ատամ էին մնացել, բայց աղանձը լցնում է յուր գրպանը և մինչև իրիկուն ծուլորեն սկսում է «չրթել»: Այդ էր նրանց միակ սենյակը, որը, չնայած որ շատ ընդարձակ չէր, բայց ծերունի Մկրտիչը նայելով յուր դրացիների անձուկ խրճիթներին, որոնց մեջ նրանք խեղդվում էին, նա գոհունակ սրտով ամեն օր «քարի լույսի» դեմ փառք է տալիս աստծուն, խնդրելով որ լուսավորի յուր հանգուցյալ պապի հոգին, նրան հանգիստ արքայություն պարգևե՝ իրան մի այդպիսի մեծ և ընդարձակ տուն թողած լինելու համար, որի նմանը չունեին բոլոր գյուղացիք Ծաղկավանի մեջ։ Այդ տան մեջ բնակվում էր ծերունի Մկրտիչը յուր առաքինի կնոջ և ընտանի անասունների հետ։

Խրճիթի վերնակողմում դրված է «փեթակը»՝ մի մեծ փայտյա

  1. Առիք-առաստաղ