Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/100

Այս էջը հաստատված է

որ ես ինքս այս լուսամատից ներքև ձգվեմ, փշրվիմ քարերի վրա, գուցե ազատվիմ այդ կերպով այս վշտերից»։ Վերջին խորհուրդը եղավ նրան բոլորովին հավանական. նա ներսից կողպեց սենյակի դուռը և մոտեցավ լուսամուտին։ Նրա բոլոր մարմինը դողում էր բարկությունից։ Նրա սարսափելի դեմքը արտահայտում էր կատաղի խռովություն։

Նա ձեռքը տարավ բաց անելու լուսամուտը։

Հանկարծ նրա միտքն եկան Կավկան, կապալները, Սիմոն Ցադորիչը, Կուզմինը և յուր մյուս գործերը։ Նրա ձեռքը թուլացավ։ Նա դարձավ և նստեց մահճակալի վրա, նրանում զորություն չէր մնացել։ Նա պառկեց։ Քրտինքը աղբյուրի նման բխում էր նրա մարմնից։ Նա վառվում էր, կարծես թե կրակի մեջ։ Մի տաքություն, որ ավելի նման էր ջերմախտի, տիրեց նրան։ Նրա աչքերի առջև սևացավ։ Նա մնաց անզգա յուր մահճակալի վրա։

Բոլոր օրը Ճանճուր Իվանիչը մնաց նույն զարհուրելի թմրության մեջ։ Ոչ ոք ներս չմտավ նրա սենյակը, որովհետև կարծում էին, թե նա փողոցումն է։ Նա սթափվեցավ միայն երեկոյան, տեսավ, որ սենյակը մութն է, ճրագ վառեց և իսկույն հրամայեց կանչել յուր քաղաքի գործակատարին՝ նրա հաշիվները տեսնելու համար։

Մի ժամից հետո նրա սենյակում հայտնվեցավ մի կարճլիկ և կլորիկ մարդ, երկյուղած դեմքով․ թևի տա կին մի դավթար։ Նա բարի իրիգուն ասաց, և նստեց։

Ճանճուր Իվանիչը հրամայեց նրան ցույց տալ բոլոր հաշիվները, որ եղել են յուր բացակայության ժամանակ։ Նրանք նստեցին գրասեղանի մոտ․ Ճանճուր Իվանիչը հաշվակալը դրավ յուր առջև, իսկ գործակատարն սկսեց հաշիվները կարդալ։

Բոլոր հաշիվներից հետո գործակատարի վրա մնաց հինգ հազար մանեթ։

— Էտ հինգ հարուր թումանն ուր է,— հարցրեց Ճանճուր Իվանիչը։

— Էտ հինգ հարուր թումանն ինձմեն ստացիլ է տիկին Բարբարեն,— պատասխանեց գործակատարը։

— Տիկին Բարբարե՞ն,— զարհուրելով հարցրեց Ճանճուր Իվանիչը։

— Հրամմել եք, խոմ սուտ չիմ ասում, էս էլ նրա ռասպիսկեքը,—