Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/101

Այս էջը հաստատված է

ասաց գործակատարը՝ հանելով յուր թղթապահի միջից մի քանի ստացական տոմսակներ և տալով Ճանճուր Իվանիչին։

Ճանճուր Իվանիչը միայն նայում էր տոմսակներին։

— Էսքան փուղն ի՞նչ է արել էտ անիծածը,— հարցրեց Ճանճուր Իվանիչը։

— Ձիր գնալուց հետո շատ ծախս է էլի։

— Հինգ հարուր թուման ծա՞խս,— կոչեց կատաղի կերպով Ճանճուր Իվանիչը։— էտ ի՞նչ տնաքանդութին է։

— Ես ի՞նչ գիդիմ,— պատասխանեց գործակատարը,— փայտոն ին առի, ձիանիր ին առի ու ուրիշ մխսիր ին արի։

— Մեկ կոպեկ ինձ ընդունելի չէ, դուն գլուխդ քարովն իս տվի, վուր նրանց էտ ղադա փուղ իս տվի։

— Ես ի՞նչ մեղավոր իմ։

— Մաշ ո՞վ է մեղավորը, շուն շանորթի,— գոռաց Ճանճուր Իվանիչը։ — Ես ե՞փ իմ ասի, վուր դուն էտքան փուղ տաս էն անիծածներին։

Խեղճ գործակատարը մնաց քարացած, երբ Ճանճուր Իվանիչը սկսավ գազանաբար գոռալ նրա վրա։ Եվ երբ նա նշմարեց, որ այդ անպատվությունը չափից անցնելու է, վեր կացավ և առանց մի բան խոսելու, դուրս եկավ Ճանճուր Իվանիչի սենյակից։

Գործակատարի գնալուց հետո նա առավել ևս կատաղեցավ, որովհետև քանի նա այնտեղ էր, Ճանճուր Իվանիչը էլի փոքր-ինչ մխիթարվում էր յուր բարկությամբ, երբ յուր հայհոյանքի առարկան այնպես հնազանդությամբ տանում էր յուր խոշոր հիշոցները, բայց նրա գնալուց հետո այդ բախտից ևս զրկվեցավ Ճանճուր Իվանիչը։

Մի՞թե աշխարհում սակավ բաներ կային, որոնց Ճանճուր Իվանիչը կարող էր հայհոյել և յուր սրտի տապը զովացնել։

Եվ նա սկսավ հայհոյել կառք մոգոնողի (հորինողի) հերն ու մերը, և իրանց երկրում այդ զահրումարն ադաթ գցողին էլ խառնեց նրա հետ։ Նա սկսավ հայհոյել թատրոն մոգոնողի օխտը պորտը և հանգուցյալ Թամաշովին էլ մասնավորապես հիշեց, որ, նրա կարծիքով, մի այդպիսի սատանայական բույնը դրեց յուր քարվանսարի կենտրոնում։ Հետո մտքով նա ներս մտավ մոդնի մագազինները և հիշեց մոդա դուրս գցողի մեռելն ու կենդանը։ Այնտեղից անցավ Ալեքսանդրյան այգի, Մուշտայիդ, բուլվար և ամեն տեղ սկսավ թափել յուր հայհոյանքների կայծակները, և այդ նրա համար, որ այդ զբոսարանները, այգ զվարճության տեղերը այդպես