Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/103

Այս էջը հաստատված է

միշտ չափազանցորեն գրգռում են ու բորբոքում կրքերը և մարդ այդպիսի րոպեներում միշտ կարոտում է կարեկցի, բայց ընդհակառակը, Ճանճուր Իվանիչի այդ տեսակ կատաղի գրության մեջ Սամիլ Պետրովիչի ներկայանալը յուր նպատակին համաձայն ընդունելություն չգտավ։

Որովհետև Ճանճուր Իվանիչը այն տեսակ մարդկանցից էր, որ գիտեր տիրել յուր կրքերին։ Նա գիտեր հազարավոր գույներով կեղծավորել յուր արտաքին կերպարանքը և խիստ խստությամբ պահպանել յուր ընտանեկան հուզմունքների գաղտնիքը արտաքին աշխարհից։

Այդ պատճառով նկատելով բամբասողի գալուստը, նա յուր մի րոպե առաջ վայրենացած դեմքին տվավ ավելի մեղմ արտահայտություն և ծիծաղի պես մի բան, որ ավելի նման էր դիվահարի դեմքի սոսկալի ցնցողության, երևաց նրա անճոռնի երեսի վրա։

— Բարով, Սամիլ Պետրովիչ, էտ ո՞ւր իք, քանի օր է չիք երևում, էնպես շուտ֊շուտ գնացեք-եկեք, վուր մեկզմեկու լավ ճանչնանք,— ասաց Ճանճուր Իվանիչը՝ ուրախությամբ ձեռք տալով բամբասողին։

— Քանի օր էր մե քիչ քեփ չունեի, տանեմեն դուրս չէի գալի,— պատասխանեց Սամիլ Պետրովիչը տնքալով, որով կամենում էր ցույց տալ, թե տակավին բոլորովին չէ առողջացել։

Բոլորովին սուտ էր խոսում Սամիլ Պետրովիչը, նրա համար, որ թեթև հիվանդությունները չէին կարող հարկադրել նրան տանը մնալ։

— Հիմի խոմ, փառք աստուծո, լա՞վ իս,— հարցրեց Ճանճուր Իվանիչը։

— Փառք աստուծո, լավ իմ, դո՞ւք ինչպիս իք։

— Է՜հ, կա՛նք էլի՜... աշխրքի հիդ յոլա ինք գնում...

Սամիլ Պետրովիչը նկատելով նրա խորին սառնասրտությունը, ինքը ևս իրան այնպես ձևացրեց, իբրև ոչինչ չէ լսած նրանց տան անցքից։

Նրանք կցեցին իրանց խոսակցությունը։

Սամիլ Պետրովիչը յուր խոսակցության համաձայն, խոսեց քաղաքի մեջ պատահած նոր բաներից և կցեց յուր բամբասանքները։ Ապա ավելացրեց մի քանի զվարճախոսություններ. այնուհետև սկսավ խնդալ այլոց անբախտության վրա, թե ով վնասվեց առևտուրում, ո՛վ դատաստանատներում յուր գործը տանել տվավ և այլ այդպիսի չարախնդություններ։