Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/104

Այս էջը հաստատված է

Հայց Ճանճուր Իվանիչը լսում էր այդ բոլորը առանց համակրության, միմիայն բամբասողի սիրտը շահելու համար, որովհետև նա նույն րոպեին մտածում էր մի այլ իրողության վրա։

Ճանճուր Իվանիչի կյանքում ամեն մի երևույթ, թեև լիներ շատ չնչին, դարձյալ ուներ յուր էական պատճառները։ Հանկարծ կատաղի բարկությունից մտնել խաբեբա կեղծավորի կերպարանքի մեջ, այդ ևս Ճանճուր Իվանիչի մեջ յուր հարկադրիչ պատճառն ուներ։

Նա մտածում էր Սամիլ Պետրովիչի ներկայությունը շահավետ կացուցանել յուր նպատակներին։

Ճանճուր Իվանիչը տակավին չէր մոռացել Սամիլ Պետրովիչի այն խոսքը, որ նա ասաց օրիորդ Սոֆիի ուսումնարանից իրանց տուն գալու առաջին գիշերը, երբ խոսք բացվեց օրիորդին մարդու տալու մասին։ Ճանճուր Իվանիչը մտածում էր նորոգել նույն խոսակցությունը, որ այնպես անխոհեմաբար առանց ուշադրության թողեց առաջին անգամ։ Թեև նա բոլորովին չէր հավատում Սամիլ Պետրովիչի ասածներին, բայց որպես առածն ասում է՝ «խեղդվող մարդը դեպի ծեղն էլ է ձեռք մեկնում»։

Բայց թե ի՛նչպես խոսք բաց աներ այդ մասին, նա դժվարանում էր։ Ճանճուր Իվանիչը գիտեր, որ յուր աղջիկը «ի՛նչ սանրի կտավ է»։ Բայց դարձյալ յուր ապրանքը չէր կամենում էժան գնով ծախել։

Այդպիսի բնավորությունր հատուկ էր նրա համաքաղաքացիներին։ Ով որ եղել է Թիֆլիսում, նա գիտե, թե թիֆլիզեցին ոշ միայն յուր լավ ապրանքր, այլ յուր ամենավատ ապրանքը ևս փա՛հ-փա՜հ-ով է ծախում։ Եթե մեր ընթերցողը երբեմն անցել է բազազխանի, մրգավաճառների առջևից, նա տեսած կլինի, թե ի՛նչպես մրգավաճառները, հոտած խնձորը կամ տհաս տանձը, ածած թաբախներում, ձայն են տալիս և գոռում՝ «աբա՛ լավ խնձորը, լավ տանձը, լավ բողկը... պա՛... պա՛... պա՛...», կամ թե Ալյուրի մեյդանով բաղնիք գնալու միջոցներում, իհարկե, նա տեսած կլինի, թե ինչպիսի գովասանքներով են ծախում ծլած բակլան, բորբոսնած ջոնջոլը և հոտած խրամուլին։

Ճշմարիտն ասած, մենք միտք չունինք վատաբանել մեր քաղաքացի ազգայիններին կծու կատակներով իրանց արդար շահասիրության համար, երբ մեր աչքի առաջ ունինք ասիական կյանքի պահանջմունքները։ Մենք կբավականանանք մեր պապերի առածով, թե՝ «ոչ ոք յուր թանին թթու չի ասիլ»։