Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/11

Այս էջը հաստատված է

յուր վրա այն հին ձևը, որով առաջին անգամ երևեցավ այդ հագուստը վրաց Քարթլոսի ժամանակ։ Մահուդի խավը վաղուց մնաք բարյավ էր ասել յուր գործվածքին, որ նրա փոխարեն ընդունելով յուր վրա յուղի և կեղտի առատ մածույքներ, այնքան կոկվել և փայլունացել էր, մինչ նա ավելի նմանություն ուներ մուշամբայի, քան թե չուխայի։ Նրա սև ղատաքե արխալուղը, մինչև վիզը խնամքով կոճակած, նույնպես փայլում էր կեղտոտությունից։ Նրա քիրմանի շալե գոտին՝ չկարողանալով շրջապատել նրա հաստ փորը և յուր սովորական տեղը թողնելով՝ բարձրացել էր մինչև թևքերի տակ, լավ է ևս ասել, կանգնած էր նրա կուրծքի վրա։ Նրա ոչ այնքան լայն շալվարը ուներ կրկնակի գույն։ Կաբայից ցած բոլորովին մուգ-դեղնագույն էր, բայց բարձրանալով դեպի վեր՝ նա տակավին կրում էր յուր նախկին սև գույնը։ Դրա պատճառը ոչ այլ ինչ էր, եթե ոչ կաբայից դուրս շալվարի մահուդը, որ երկար տարիներ ենթարկվելով արևի և անձրևի ազդեցությանը, զրկվել էր առաջին երանգից։ Նրա չաքմեքը (կոշիկները), խարազի հմուտ գործ, կարծես թե ամեն մինը մի երեխայի գերեզման լիներ։ Նրանց նալերը (պայտերը), որք երկայն մեխերով ամրացած էին կոշիկների կրունկներին, իրանց մեծությամբ պակաս չէին իշի նալերից։ Իսկ դրանք անհրաժեշտ պետք էին, որովհետև նրանց մեխերը բավականին օգնում էին Ճանճուր Իվանիչին յուր ահագին մարմինը անսայթաք ման ածել ցեխոտ և սառած գետնի վրա։

Նրա սև բուխարու մորթե գդակը հայտնի չէ որքան ժամանակ ծածկում էր Ճանճուր Իվանիչի ահագին գլուխը։ Միայն հարկավոր է մտածել, թե ամբողջ տասնյակ տարիների ընթացքը միայն կարող էր ներգործել նրա վրա այն վնասակար ազդեցությունը, որով մորթը զրկվել էր յուր գույնից և մազերից, երևացնելով գդակի վրա անհամար թվով լերկ աստղիկներ, որոնք ծածկելու համար Ճանճուր Իվանիչը ներկել էր թանաքով։

Տարվա բոլոր եղանակներում այդ նվիրական գդակը տեսանելի էր Ճանճուր Իվանիչի գլխին։ Միայն դժվար է լուծել խնդիրը, թե ի՞նչպես նա ամառային սաստիկ տոթերում չէր զգում որևիցե նեղություն այդ ահագին թարաքամայի մոթալի թանձրությունից։ Բայց կարելի է համաձայնել, թե նրա համար տանելի էր այդ ծանրությունը, որովհետև զգացողություն ասած բանը վաղուց արդեն անհետացել էր Ճանճուր Իվանիչի սրտից։

Բայց տեսանելի էր, շատ անգամ Ճանճուր Իվանիչը ամարային տոթ օրերում, հոգնած և փոշոտած դառնում էր փողոցից յուր