Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/121

Այս էջը հաստատված է

Էնպես մարդ կուզի, վուր իրան գերի դառնա, դադածը իրա վրա մսխե, ու ինքը կի ուրիշների հիդ քեփ անե։ Կուլի վուր դուն էն լավ չիս իմանում, բայց մինք, վուր աղջիկների մուշտարի ինք, դրանց լավ կու ճանչնանք։

— Ուսում առած աղջիկը իսկի էտենց չի ըլի։

— Ի՞նչ ուսում, սատանան էլ շատ գիդե, ամա վուր չար բնութին ունե՞, ի՜նչ կոնիմ նրա գիդութինը։

Սամիլ Պետրովիչը երկար աշխատեց զանազան փաստերով հերքել երիտասարդի կարծիքը օրիորդի մասին, բայց հնարք չեղավ, նա դարձյալ սկսավ պնդել յուր համոզմունքը օրիորդի անվայելուչ բարոյականության վրա։ Քառորդ ժամ ևս տիրեց նրանց մեջ վեճը, և Սամիլ Պետրովիչը բաժանվեցավ նրանից բոլորովին դժդոհ։

Ի

Հացի-Գելենց կացարանը Կոջորում մի բլրակի դագաթի վրա էր։ Նա յուր բարձր դրությամբ կարծես թե իշխում էր յուր գեղեցիկ շրջակայքին։ Նրա չորեքկողմում, ուր և նայում էիր, պատկերանում էին հիանալի տեսարաններ— մի կողմում կանաչազարդ հովիտներ, խոտավետ արոտամարգեր, որոնց մեջ արածող չորքոտանիք հրաշալի երևույթներ էին ձևակերպում, մի այլ կողմում՝ թփապատ բլրակներ, անտառախիտ լեռներ, իրանց գագաթների բարձրությամբ նկարվելով երկնքի կապուտակության մեջ, հանդիսացնում էին սքանչելի պատկերներ։ Մի այլ տեղ մշակված դաշտերում երկրագործը, յուր սովորական երգը երգելով, հերկում էր գետինը։

Այդ բոլոր հիանալի տեսարանները, այդպես շքեղաբար միախառնվելով միմյանց հետ, հանդիսանում էին կովկասյան հրաշալի բնության գեղապատկերը։

Փոքրիկ տունը, ուր կենում էին Հացի֊Գելենք, հովանավորված էր ծառերի անթափանցիկ ստվերի ետև։ Նրա բակի պարտեզը զարդարված ծաղիկներով և վայրի ծառերով, տալիս էր այդ գեղեցիկ բնակարանին առանձին բանաստեղծական շքեղություն։

Արևի ոսկեզօծը դեռ նոր փողփողում էր լեռների կանաչազարդ կատարների վրա. օդը, արբած գիշերային զովությամբ, բուրում էր անուշահոտություն։ Երգող թռչունները բարձր և բարձր հնչեցնում էին իրանց առավոտյան տաղերգությունները։

Գեղեցիկ ամառային առավոտ էր։