Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/126

Այս էջը հաստատված է

Ճաշից հետո երբ նրա մայրը գնաց քնելու, օրիորդ Սոֆին քաղցրությամբ դիմեց յուր եղբորը.

— Գրիգոլ,— հարցրեց նա,— դու երեկոյան պիտի հրավիրե՞ս այն երիտասարդին, որի մասին առավոտյան խոսում էիր։

— Անպատճառ,— պատասխանեց Գրիգոլը։— Միայն խնդրեմ, քույրիկ, լա՛վ ընդունիր իմ հյուրին։

— Անհո՛գ եղիր,— պատասխանեց օրիորդը.— միայն, Գրիգոլ, դու կանչիր ինձ մոտ փոքրավորին, որ պատվիրեմ մի քանի տեսակ մրգեղեն գնե, իսկ մուրաբեք ունինք ամեն տեսակի։

— Ա՛խ, շնորհակալ եմ քեզանից, Սոֆի,— կոչեց Գրիգոլը ուրախանալով և գրկեց յուր քրոջը և շուտով վազեց կանչելու սպասավորին։

Օրիորդ Սոֆին, տալով հարկավոր պատվերները փոքրավորին և յուր աղախնին՝ երեկոյան հյուրընկալության մասին, այն օրը յուր սովորության համեմատ չքնեցավ, այլ գնաց լուսամուտի մոտ, որ նայում էր դեպի մեծ ճանապարհը և յուր մոտ կանչեց Գրիգոլին։

— Դու ասացիր այն պարոնը դեռահաս է, հա՞, — հարցրեց եղբորից օրիորդը։

— Դեռահաս է և սիրուն տղամարդ, — պատասխանեց Գրիգոլը։

— Լա՞վ է հագնված։

— Խիստ շիկով, նրան առաջին ֆրանտը կարելի է համարել ամառանոցի բոլոր երիտասարդների մեջ։

Օրիորդը գաղտնապես հրճվում էր եղբոր նկարագրություններով։

— Ահա՛, ահա՛, Սոֆի, ահա՛ այն պարոնը, որին ես պիտի հրավիրեմ թեյի,— կոչեց Գրիգոլը՝ ցույց տալով լուսամատից դեպի դուրս։

Արդարև օրիորդ Սոֆին տեսավ մի վայելչակազմ նորահաս երիտասարդ ամառային թեթև հագուստով, որ յուր ճկուն գավազանը ձեռքին խաղացնելով՝ անցնում էր, հազիվ լսելի, բայց մետաղի հնչման ձայնով սուլելով մի մեղեդի։

Տեսնելով անցավոր երիտասարդին՝ Գրիգոլը լուսամատից ողջունեց նրան, և նա էլ բարձրացրեց յուր հարդյա թեթև գլխարկը և շնորհալի կերպով գլուխ տվավ նրան։ Նույն րոպեին օրիորդ Սոֆիի աչքին ընկան նրա ուսանողական երկայն և մետաքսի նման փափուկ մաղերը, որոնք փառավորապես թափված էին նրա ուսերի վրա։