Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/127

Այս էջը հաստատված է

Նա անցավ, շուտով մտավ մերձակա տան բակը և համարյա վազելով բարձրացավ սանդուղքներից։

— Տեսնո՞ւմ ես, Սոֆի, ինչպիսի ծանոթ ունիմ ես,— ասաց Գրիգոլը հպարտանալով։

— Այո՛, հիանալի տղամարդ է,— պատասխանեց Սոֆին.— բայց ի՞նչ լեզվով է խոսում։

— Նա առաջ ինձ հետ խոսեց հայերեն, բայց երբ տեսավ, որ չգիտեմ, հետո խոսեց ռուսերեն։

— Ափսոս, որ նա խոսում է հայերեն, — ասաց օրիորդը։

Վահե Արամյան, այդպես էր կոչվում այն երիտասարդը, որին նույն օրվա երեկոյան պահուն սպասում էին Հացի-Գելենց տանը, ազնվական տոհմի որդի էր։ Նա յուր տասը տարեկան հասակում որբ մնաց հորից, որ մեռավ քառասունևհինգ տարեկան «ստատսկի սովետնիկի» չինով, թողնելով յուր զավակներին բավականաչափ ժառանգություն։

Նրա մայրը յուր ամուսնուց հետո խնամակալ եղավ մանուկ Վահեի կրթությանը՝ հանձնելով նրան մի գերմանացու գիշերօթիկ վարժարան. այդտեղ պատրաստվելով՝ նա մտավ գիմնազիոնի չորրորդ դասատուն։ Երեք տարուց հետո պատանի Վահեն մեծ հառաջադիմությամբ ավարտեց գիմնազիոնի դասընթացը և գնաց Պետերբուրգ։ Այնտեղ նա մտավ համալսարանի արևելյան լեզվագիտության բաժինը։

Եվ պատանի ուսանողը թեև ստանում էր յուր մորից բավականաչափ արծաթ, բայց նրա համալսարանական կյանքը ոչ միայն չափավոր չէր, այլ հասնում էր աղքատության։ Նա հագնվում էր հնամաշ, ուտում էր առանց ընտրողության, չէր կտրում եղունգները, թողնում էր երկայն մազեր, ձմեռը քնում էր ցուրտ սենյակում և միշտ խոսում էր Կեկելի ու Փեփելի վրա։ Բայց նա օգնում էր խեղճ ուսանողներին և յուր վերջին կոպեկը բաժանում նրանց հետ։

Մի այդպիսի տարապայման կյանքը ո՛չ միայն չզրկեց նորահաս Արամյանին յուր ուսման հառաջադիմությունից, այլ պատճառ տվավ նրան յուր այնքան դրամական միջոցներով հեռու մնալ Պետերբուրգի հրապուրիչ զվարճալիքներից և դառնալ յուր հայրենիք մագիստրոսի դիպլոմը ծոցում։ Բայց վերադառնալով Կովկաս, նա մոռացավ և՛ Կեկելը, և՛ Փեփելը. նրա հնամաշ հագուստն ստացավ փառավոր և վայելուչ ձև, և նա յուր կյանքին տվավ առավել շքեղ կերպարանք, բայց նրա մարդասեր ձեռքը երբեք չխորշեցավ աղքատներից։