Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/128

Այս էջը հաստատված է

Գալով յուր մայրենի քաղաք, Արամյանը չկարողացավ շուտով գտնել արժանավոր պաշտոն, և քաղաքում ձանձրանալով անգործությունից, նա դիմեց ամառանոց՝ գոնյա կազդուրելու առողջությունը։

Արամյանը մի օր առաջ տեսնելով օրիորդ Սոֆիին իրենց բակում, Նևսկի պրոսպեկտից հեռանալուց հետո Կովկասում նա առաջին անգամ հանդիպեցավ մի օրիորդի, որ հագնված լիներ այդպես վայելուչ կերպով և բարեձև, ինչպես մի փարիզուհի գեղաճաշակ տիկին։

Եվ ցանկանալով մոտենալ նրան, նա հարկավոր համարեց նախ և առաջ գրավել Գրիգոլին, որ առաջին անգամից երևեցավ նրան թեթևամիտ, այնուհետև եղբոր միջոցով ծանոթանալ քրոջ հետ։

Նույն օրվա երեկոյան պահուն օրիորդ Սոֆին, վայելուչ կերպով հագնված, յուր մոր հետ սպասում էին Արամյանին։

Պատանի Գրիգոլը ինքը անձամբ գնացել էր նրան հրավիրելու։

Արամյանը ներս մտավ հասարակ, այդ պատճառով հագնված, նա շնորհալի կերպով ողջունեց բոլորին և Գրիգոլը ծանոթացրեց նրան յուր մոր և քույրերի հետ։

Ընդունելության ծեսը վերջանալուց հետո նորահաս մագիստրոսը յուր հարդյա գլխարկը պատուհանում և նստեց նրա հանդեպ, մի փոքր հեռու օրիորդ Սոֆիից և նրա մորից։

Նրանց առաջին խոսակցությունները եղան զանազան հարցուփորձեր, որ տիկին Բարբարեն սկսավ հարցնել Արամյանից, թե ե՛րբ է եկել նա Պետերբուրգից, քանի՛ տարի է այնտեղ մնացել, ինչ է սովորել։ Նա մի քանի բան հարցրեց նույնպես Պետերբուրգի հասարակական և այնտեղի սովորությունների մասին։

Արամյանը տալիս էր թեև կարճ, բայց նրանց համար բավական հետաքրքրական պատասխաններ։

Օրիորդ Սոֆին հեռվից հրճվանքով լսում էր նրան, և Գրիգոլը նույնպես ուրախ էր յուր հյուրով։

Տիկին Բարբարեն համարյա սպառեց յուր խոսակցության բոլոր պաշարը և տեսնելով, որ յուր զրույցները այնքան էլ չեն գրավում հյուրին, և մանավանդ նրա հայերեն խոսակցության ոճը շատ էլ հասկանալի չէ իրան, մտածեց և օրիորդ Սոֆիին խառնիլ իրանց խոսակցությանը։

-Շատ ապրիս, վուրթի,-ասաց նա,-լավ իքմին է ուսումը. հորես իմ Սոֆին էլ ուսում է առի. հեստի ուրախացնում է ինձ, վուր չիմ կանա ասի։