Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/138

Այս էջը հաստատված է

Բայց Արամյանր և օրիորդ Սոֆին արդեն հասան տուն։ Օրիորդը խնդրեց նրան իրանց մոտ ճաշելու, բայց Արամյանը հրաժարվեցավ, ասելով, թե պիտի պատրաստվի քաղաք գնալու։ Նրանք բաժանվեցան միմյանցից։

Մտնելով յուր սենյակը, օրիորդը երկար միայնակ նստած մտածում էր։ Արամյանի վերջին խոսքերը կրթության մասին՝ սաստիկ տպավորություն թողեցին նրա սրտում։ «Մի օրիորդ, որ ունի փոքրիշատե մաքուր բարոյականություն, առավելապես գտնվում է անկիրթ գասերի մեջ, քան թե կրթվածների…»։ նա հիշեց նաև նրա վերջին խոսքը։ «Ուրեմն ես ոչինչ եմ նրա աչքում»…,- մտածեց նա վշտանալով. «այո՛, ես ոչինչ եմ… Այո', ես արժանի չեմ նրան… նա այնքան բարի է և խելացի… բայց ե՞ս»…։ Եվ նա երկու ձեռքով ծածկեց յուր երեսը և արտասուքն սկսավ գլորվիլ նրա ալքերից։

Հանկարծ նա լսեց զանգակի ձայն, վազեց դեպի լուսամուտը և տեսավ, որ Արամյանը կառքով գնում է քաղաք։ Մանուկ երիտասարդը մնաք բարով ասաց նրան յուր հարդյա գլխարկի շարժումով։ Եվ մի քանի րոպեից հետո կառքը չքացավ օրիորդի աչքերից։ Նույն օրվա երեկոյան պահուն Հացի-Գելենց տուն եկավ Մայիլովը։ Նրան դեռևս անհասկանալի մի ախտ, որ շատ նման էր նախանձի, կրծում էր խղճալի պատանու սիրտը։ Նա տխրում էր թե ինչու՞ օրիորդ Սոֆին յուր հետ այնպես սիրով չէ, ինչպես առաջ նա չէր կարողանում տանել նրա համարձակ վարվեցողությունները Արամյանի հետ։

Նա ուղղակի մտավ օրիորդի սենյակը։ Բայց գտավ նրան տխուր և գունատ դեմքով։

— Ինչո՞ւ ես այդպես գունաթափվել,— հարցրեց Մայիլովը։

— Գլուխս ցավում է,— սառնությամբ պատասխանեց օրիորդը — Դու հիվա՞նդ ես, Սոֆի,— կրկնեց պատանին։

— Ո՛չ, Նիկոլ, միայն խնդրեմ ինձ միայնակ թողնես, Գրիգոլը մյուս սենյակումն է, գնա՛ նրա մոտ։ Մայիլովը առանց մի բառ խոսելու դուրս եկավ օրիորդի սենյակից. «նա արտաքսում է ինձ»… տրտմությամբ ասաց նա յուր մտքում և դուրս գնաց Հացի֊Գելենց տնից՝ այլևս չմտնելով Գրիգոլի մոտ։