Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/139

Այս էջը հաստատված է

ԻԴ

Ամառային վարդագեղ արեգակը ավետում էր պայծառ առավոտ։

Գերմանացոց գաղթարանի մի խուլ անկյունում, ցածրիկ տան մեջ, փոքրիկ սենյակում, նեղ լուսամուտի առջև, որ բացված էր դեպի ոչ այնքան ընդարձակ պարտեզը, միայնակ նստած էր մի երիտասարդ, և ձեռքը ծնոտին դրած, լուռ նայում էր պարտեզի կանաչազարդ ծառերին, որոնք ախորժանոք ձգել էին աղքատիկ բնակարանի վրա իրանց զովացուցիչ հովանին։

Այդ մանուկ տղամարդը կլիներ ոչ ավելի քան երեսունևերեք տարեկան․ բայց նրա տարիքը համեմատելով նրա երեսի գծագրության հետ, թվում էր, թե նա արդեն ծերացած է։ Նրա դեմքը չէր ցույց տալիս ոչինչ ուրախություն, կարծես թե հիվանդությունը վաղուց արդեն ծանոթ է եղած նրան․ դալուկը թողել էր նրա նիհար թշերի վրա յուր դեղնագույն ներկը։ Նրա սև աչքերը, թեև նվաղած էին, բայց նրանց մեջ վառվում էր խորհրդավոր հուր, որ տալիս էր նրա մռայլոտ դեմքին ազդու կենդանություն։ Բայց խորշոմը վաղուց արդեն դրել էր նրա բարձր ճակատի վրա յուր չարագուշակ կնիքը։ Նրա նուրբ դեռաբույս ընչացքը ծածկում էր գունատ շրթունքը և նրա նոսր մորուքը տալիս էր նիհար դեմքին փոքր-ինչ բոլորակություն։ Այնուամենայնիվ նրա երեսի գծագրությունը թեև խոշոր, բայց բավական կանոնավոր էր, իսկ դեմքի արտահայտությունը հանճարեղ ու վսեմ. «գործունեություն և աշխատասիրությունս կարդացվում էր նրա լայն ճակատի վրա։

Սենյակը, ուր կենում էր այդ տղամարդը, զուրկ էր ամենայն զարդարանքից, երկու աթոռ, մի հին մահճակալ, մի սեղան, անկյունում մի հին կաշվե չեմոդան, մի քանի հատ գրքեր պատուհանում ընկած, այնտեղ և կոշիկներ, այնտեղ և կրկնակոշիկներ, այնտեղ էր դրված և լվացվելու անոթը․ մի խոսքով, այդ սենյակը նմանում էր ճանապարհի վրայի փոստատների իջևաններին, ուր տարաժամ իջևանելով՝ ուղևորը չէր ցանկանում ոչինչ կարգի բերել, մտածելով, որ առավոտյան շուտով պիտի թողնի նրան։

Հանկարծ դռները հետ գնացին, ներս մտավ մի գերմանուհի աղջիկ, կլորիկ, առողջ, թեև հասարակ, բայց մաքուր հագնված։ Նա մատուցարանի վրա բերավ մի մեծ գավաթ սուրճ կաթով, հետն էլ մի ամանի մեջ սպիտակ հաց կարագով։ Աղջիկը դրեց սեղանի վրա մատուցարանն ու հեռացավ։