Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/14

Այս էջը հաստատված է

մտնելու ժամանակ գիտեր բոլոր ծեսերն, թե ո՛րպես պետք է վարվիլ աստծո տան մեջ, այսինքն ե՛րբ ծունր դնել, ե՛րբ երեսը խաչակնքել, ե՛րբ երկրպագություն տալ, ողջույնի միջոցին ի՛նչ ասել, հրաժարիմքի ժամանակ սատանային որպես հայհոյել և այլն։

Տեսնում ես, Ճանճուր Իվանիչը ժամի մեջ կանգնած է յուր սովորական տեղում (իհարկե, ամենապատվավոր տեղում). նրա հաստ շրթունքները շարժվում են, կարծես թե կարդում է աղոթքի նման մի բան։ Թեև նա գրավոր աղոթքներ չգիտե, բայց յուր սովորական լեզվով նա չի դադարում յուր ջերմ խնդիրները վեր ուղղել դեպի հավիտենական աթոռը։ Եթե մինը ականջ դնելու լիներ նրա աղոթքներին, անշուշտ լսելու էր այսպիսի խոսքեր. «Տեր աստուծ, քու հոգուն մատաղ, դու նամարդի մոհթաջ չանիս, իմ առուտուրին խեր ու բարաքաթ տաս, իմ գործքերին աջողութին տաս։ Տեր աստուծ, քու հոգուն մատաղ, ազատիր ինձ օրվա շառեմեն, հարևնի բախիլեմեն, սատանի չարեմեն։ Տեր աստուծ, քու հոգուն մատաղ, իմ դուշմնիրս փչացրու, ով որ իմ վրա վատ կու խոսե, նրա լիզուն պապանձեցրու, ով որ իմ վնասին չալիշ գուքա, նրա տունը քանդե ու էնպես էլ Կունձու տղի ու Ճուղուր Թաթուխի աչքերը հանե, նրանց տունը բրիշակ արա իրանց գլխին, վուրթիքը չար հրեշտակով սպանե. նրանք ինձ շատ օյին էկան փոդրաթում։ Տեր աստուծ, փառք քու ողորմութենին, դու ինձ շատ ես տվի, վուր ոչ մեկին արժանի չիմ, մագրամ դու իմ ջանին սաղութին տու, իմ կինքը երկար արա, վուր էլի փուղ դադիմ, բալքա Միրզոյի տղին հասնիմ։ Տեր աստուծ, իմ երեխերքս պահե, նրանց խելք սորվեցրու, վուր քիզ օրհնող ըլիմ։ Տեր աստուծ, իմ մամա Օհանեսի, իմ պապ Ծղալորի, իմ դեղի Փեփելոյի հոգիներն լույս դարձրու»։ Հետո կցում էր տերունական աղոթքը՝ «Հայր միր, վուր երգին, սուրբ եղիցի անուն քու, եղիցի կամ քո, վուր պես զի երգին․ հաց մեզ զանապազոր տուր միզ այսօր, թող միզ զպարտս միզ պարտապանաց, ի մի տանիլ ըզմիզ ի չարեն, միզ ի փորձութին, զի քոյի արքայութին և զորութին, փառք ավիդենից ավիդենաց. ամեն»։

Միով բանիվ, նրա աղոթքների մեջ կային և՛ օրհնություն, և անեծք, և՛ հայհոյանք, և՛ ամենայն ինչ...

Ճանճուր Իվանիչը հասարակության կարգերի, կանոնների, սովորությունների մեջ ուներ յուր փոքրիկ քաղաքավարությունները։ Նա, չնայելով յուր մարմնի անհամեմատ հաստությանը, թեքուն եղեգնի նման ծալվում էր ամեն մարդու աոջև՝ թե՛ հարստի, թե՛ աղքատի, մանավանդ աստիճանավորի։ Նա գիտեր օրվա ամեն մի