Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/141

Այս էջը հաստատված է

— Ասա′, գնալու՜ ես ինձ հետ,— հարցրեց նա։

Փոխանակ պատասխանելու, Քաջբերունին նայեց նրա երեսին այնպիսի մի կերպով, որպես մինը նայում էր անմեղ երեխայի վրա, և ծիծաղելով ասաց․

— Ինչո՜ւ չես նստում, վախենում ես իմ փոշոտ աթոռը աղտոտի՞ հագուստդ։

— Ո′չ,— պատասխանեց Արամյանը,— բայց դու ասա′, կգա՞ս ինձ հետ թե չէ։

— Այնտեղ լա՞վ է,— դարձյալ ծիծաղելով հարցրեց Քաջբերունին։

— Այնտեղ բնությունը հիանալի տեսարաններ է ներկայացնում,— պատասխանեց Արամյանը մի փոքր ոգևորված ոճով,— սքանչելի առավոտներ, մաքուր օդ, թռչունների երգ, ծաղիկների անուշ բուրմունք…

Կատակելով, նրա խոսքը կտրեց Քաջբերունին․

— Ծառերի սոսափյուն, ջրերի խոխոջմունք, ոսկի արև, կապուտակ երկինք, վարդագեղ արշալույս, հովաշունչ զեփյուռ… դե′, բանաստեղծե, պոետ,— ասաց նա դարձյալ ծիծաղելով։

Արամյանը մի փոքր կարմրեց և բռնելով նրա ձեռքը՝ ասաց․

— Է՜հ, Սմբատ, դու կատակում ես, բայց ես անպատճառ պիտի տանեմ քեզ։

— Չէ՛, հոգիս, ես չեմ կարող հեռանալ այս անկյունից,— պատասխանեց Քաջբերունին անկեղծությամբ,— իմ միջոցներս չեն թույլատրում ինձ վայելել ոսկի օրեր։

— Ինչո՞ւ։ Դու արդեն գիտես, որ ես աղքատ մարդ եմ։

— Ի՞նչ ես խոսում,— դեմքը մի փոքր խոժոռելով կրկնեց Արամյանը,— ես ասում եմ քեզ, թե ես վարձել եմ այնտեղ կացարան, և մեզ համար պատրաստ են այնտեղ կենալու ամենայն հարմարություններ։

— Ես չեմ կարող ավելորդ բեռ լինել քեզ վրա։

— Քո խոսքերն ինձ զարմացնում են, Սմբատ․ մինչև այսօր ոչինչ խտրություն չէ եղել մեր մեջ. մենք սկսած մեր համալսարանական կյանքից՝ ապրել ենք միասին որպես եղբայրներ, բայց այժմ կամենում ես իմ ու քոյություն դնել մեր մեջ։

— Այլ է համալսարանական կյանքը, հոգիս, և այլ բուն կյանքը,— պատասխանեց Քաջբերունին ծանրությամբ։— Այնտեղ ուսանողն ապրում է մի այլ երկնակամարի տակ, այնտեղ նա