Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/142

Այս էջը հաստատված է

է ոչ միայն յուր վերջին լուման պահել յուր եղբոր համար, այլև յուր կյանքը։ Բայց երբ որ ուսանողը մտնում է այս աշխարհ, երբ որ նա ծանոթանում է մամոնայի հետ, արդեն համալսարանի երազական գաղափարները շոգիների նման ցնդում են նրա գլխից։

— Մի՞թե մենք ևս պատկանում ենք այդպիսի ուսանողների թվին,— մի փոքր վշտանալով ասաց Արամյանը։

— Ինչո՞ւ չէ․ միտքդ գալի՞ս է, որ մենք քանի Պետերբուրգում էինք, մեր հայրենիքի համար ինչե′ր էինք ուխտում, ինչե′ր էինք երդվում, բայց այժմ ի՜նչ շինեցինք։

— Այդ իրավ է, որ մենք՝ հայերս, մեր հայրենիքը ավելի ենք սիրում, դեռ քանի որ նրանից հեռու ենք,— պատասխանեց Արամյանը։— Բայց այժմ թող մնան դրանք. իմ կարծիքով մենք միևնույն հոգին ունենք, ինչ որ ունեինք համալսարանում. բայց դու ասա′, գալո՞ւ ես Կոջոր թե ո′չ։

— Ես ասացի թե ո′չ։

— Սմբատ, դու վշտացնում ես ինձ,— Նրան գրկելով ասաց Արամյանը։— Ես չեմ թողնիլ, որ դու այստեղ մնաս։

Քաջբերունին ոչինչ չխոսեց։

— Ասա, գալո՞ւ ես ինձ հետ։

— Ի՞նչ ես այդքան թախանձում ինձ, Թաթոս։

Թաթոս անունը նրանց մեջ ընդունած անուն էր, որով նրանք կոչում էին հիմար ուսանողներին։

— Լա′վ, ասա′, կգա՞ս թե ոչ։

— Ես արդեն ասացի. բայց դու պատմի′ր փոքր-ինչ, թե ինչպես ես անցկացնում այնտեղ։

— Ես քեզ մի լավ պատմություն կանեմ, միայն խոստացիր։

— Դե ասա′։

Արամյանը ժպտալով խոսեց րոպեական լռությունից հետո։


— Սմբատ, Կոջորում ես բարեկամացա մի այնպիսի սիրուն աղջկա հետ, որ կատարյալ հրաշք է․ ի՜նչ սիրաբորբոք աչքեր, ի՜նչ քաղցրությամբ լի շրթունք, ի՜նչ վարդագեղ երես, մի խոսքով, կատարյալ հրեշտակ․․․»։

Քաջբերունին ժպտալով լսում էր յուր մանուկ ընկերի նկարագրությունները։

— Այլևս ի՞նչպես, շարունակի՜ր,— ասաց նա։

— Նրա խոսակցությունը ամբողջ պոեզիա է, նրա ժպիտը հիանալի է, նրա շրթունքների մեջ թաքուցած է երկնային համբույր, իսկ նրա ծոցում անմահ կյանք․․․։